Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության ծրագիրը կիրականանա, ես լավատես մարդ եմ». Մկրտիչ Մինասյան

Հոկտեմբեր 24,2016 15:01

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լավատես է ու վստահ, որ կառավարության ծրագիրը կյանքի է կոչվելու:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում հարցին, թե ինչով է այդքան վստահ, որ կառավարության ծրագիրը կիրականանա, պատգամավորը պատասխանեց. «Լավատես մարդ եմ, լավատեսությունս էլ գալիս է իմ կյանքի փորձից, բայց ծրագրի իրականացման հարցում նաեւ համոզված եմ անձերով եւ երկրի քաղաքական իշխանության դիրքորոշմամբ եւ, ինչու չէ՝ վարչապետի անձով»:

Ըստ նրա, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները բավականին ընդգծված են եւ այդ մարտահրավերների լուծման համար պետք էր կազմակերպել առաջընթաց ապահովող ծրագիր, ինչն էլ արվեց ու ներկայացվեց:

Ըստ նրա, փորձ է արվում նաեւ այն իրականացնելու ուղղությամբ. «Մեր տարածաշրջանում ոխերիմ բարեկամներ ունենք, որոնք ամեն պահի լուրջ վտանգ են ներկայացնում, մեզ զարգացման նոր, առանձնահատուկ մոտեցումներ գտնել է հարկավոր, որ Հայաստանն ավելի արագ տեմպերով զարգանա: Առաջին քայլերն արված են, անհրաժեշտ է՝ այն գաղափարներն ու մոտեցումները, որոնք ներդրված են ծրագրում, փորձեն ավելի առարկայական ու ստեղծագործ մոտեցումներով դարձնել իրականություն:

Կառավարության առաջիկա ամիսների աշխատանքը միտված է լինելու հենց այդ ծրագրերն իրականացնելուն, որ երկրում հնարավոր լինի ապահովել տնտեսական աճ, հետագայում նաեւ թռիչքային զարգացում: Մենք՝ հայերս, դատապարտված ենք ամեն ինչ անել, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովվի, ինչի համար պարտավոր ենք ավելի հզոր տնտեսություն ունենալ»:

Կառավարության ծրագրում պատգամավորն առանձնացրեց նաեւ ՀՀ անվտանգությունն ավելի ամրապնդելուն միտված ՊՆ համակարգին վերաբերող ծրագիրը. «ՊՆ համակարգում որոշակի սկզբունքային մոտեցումներ դրսեւորվեց, ինչպես տնտեսության զարգացման ու կառավարման համակարգում: Այսինքն՝ բանակ-ժողովուրդ նոր մոտեցումը նոր տեսլական ու տեսակետ ձեւավորեց: Ծրագրում առաջնայինը հենց դա է, այս ամենը բխում է նաեւ երկրի նախագահի մոտեցումից»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ պարոն Մինասյանը կարեւորեց, որ փոփոխություններն արվել են քաղաքական ուժերի համաձայնությամբ. «Ընտրական նոր օրենսգրքի նկատմամբ նման մոտեցումն աննախադեպ է, երբ բոլոր քաղաքական ուժերը կողմ էին ու համաձայն փոփոխություններին: Բանակցությունների ընթացքում բոլոր առաջարկությունների համալրում ու ընդհանուր մոտեցում է ցուցաբերվել, հույս ունենք, որ գալիք ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկայում ու բարեփոխված օրենսգրքով, առավել վստահություն կներշնչեն ընտրողներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31