Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Բոլոր կոռուպցիոներներին թող գնդակահարեն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 14:52

«Ես համոզված եմ, որ վարչապետը խոսքի մարդ է։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ եթե նման ահազանգեր եղել են, համոզված եմ՝ դրանցից անմիջապես հետեւություններ են արվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողները հետաքրքրվում էին նախորդ օրը`հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետի արած այն հայտարարությունից, որ ներկրումների համար այլեւս խոչընդոտներ չեն լինելու, դաշտը պետք է հավասար եւ ազատ լինի:

Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ այս հարցը տարիներ շարունակ օրակարգում եղել է, ու եթե կա որեւէ խնդիր, ապա մարդիկ կդիմեն ու այդ խնդիրները կհարթվեն: «Եթե արձագանքներ կլինեն ու խնդիրը չի հարթվի, այս հարցը կարող եք նորից բարձրացնել ու ասել`դուք խոստանում եք ու չեք կատարում ձեր խոստումները: Հասարակության մոտ կա անորոշություն, եւ վարչապետը նոր բան չի ասել։ Ասել է, որ պետք է այդ անորոշությունը վերացնել։ Մենք ունենք խնդիր, եւ պետք է դա հաղթահարենք։ Չենք հաղթահարի`նորից համապատասխան հետեւություններ կանենք»,- ասաց նա:

«Վարչապետը շատ ճիշտ է ասել, եթե այդ ճշմարտությունը պահպանվի: Պետք է մենաշնորհներին վերջ տրվի, պետք է թույլ տրվի, որպեսզի նրանք, ովքեր ինչ-որ բան են ուզում ներկրել կամ արտահանել, առանց խոչընդոտների այդ գործընթացներն իրականացնեն»,- վարչապետի հայտարարության հետ կապված նման կարծիք էլ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Համլետ Հարությունյանը չի ժխտում, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգ կա, որ մենաշնորհներ կան ու վարչապետն իր պատասխանով հաստատեց, որ կա մենաշնորհային ինչ-որ համակարգ, որ պետք է վերացնել:

Լրագրողներից մեկի հարցին` ՀՀԿ-ականները մասնակից չե՞ն օլիգարխիկ համակարգին, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Դուք պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ, այդ օլիգարխներից շատերը ոչ մի կապ չունեն մեր կուսակցության հետ: Ես, որպես անհատ անձնավորություն, ՀՀԿ անդամ, կատեգորիկ դեմ եմ բոլոր անարդարություններին, անձամբ ինքս թույլ չեմ տվել որևէ օրինազանցություն և դատապարտում եմ նույն օլիգարխներին ` անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, որովհետև դա առաջին հերթին վնասում է ինձ և իմ նմաններին»:

Թե ո՞ւմ հովանու ներքո են գործել եւ գործում օլիգարխները` Համլետ Հարությունյանը ճիշտ հարց չի համարում:

Aravot.am-ի հարցին`օլիգարխները, որոնք ըստ պատգամավորի, իշխող ՀՀԿ-ի հետ կապ չունեն, իրենց ճնշելու գործընթացում դուրս են գալու կառավարության եւ ՀՀԿ-ի դեմ`ինչպե՞ս են դիմադրելու-դիմակայելու դրան, Համլետ Հարությունյանն ասաց, որ օլիգարխները չեն կարող կառավարության դեմ դուրս գալ. «Եթե մի լավ պրեսսինգ անեն, դեմ դուրս չեն գա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31