Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետին եմ դիմում, որպեսզի կառավարությունը կասեցնի ԿԳ նախարարի անօրինական հրամանի գործունեությունը. Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 24,2016 13:58

Բաց նամակ ՀՀ վարչապետին

 ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես ինչ-որ չափով հավատ կա հասարակության որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ այդ փաստից շատ վատ տպավորություն ստացա: Այս նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝ պատասխանատվություն ստանձնողի խոսքերին որքանով կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս վրիպման արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել:

Այդ օրը կրթության ոլորտում պաշտոնավարման ժառանգականության մասին ասացիք. «Սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն»: Հենց  Ձեր այս պնդման  օրինականության  հիմքն  ամրագրվել է 2009-ին ընդունված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ կոչվող փաստաթղթով, որը տրվում է 5 տարով, և նորը ստանալու համար  տնօրենի թեկնածուից Օրենքը պահանջում է վերապատրաստվել ու հանձնել նոր քննություն:

«Օրենքը պետք է գործի, դա ակնհայտ ճշմարտություն է»,- ասացիք Դուք:

Ստիպված եմ հրապարակային նամակով դիմել Ձեզ՝ հայտնելով, որ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N 395-Ն հրամանը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգին:
Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով վերջին 10 տարվա մեջ ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է վերապատրաստում համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով և ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր: Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով:

Նույն օրենքի 15-րդ կետն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման ՆՈՐ հավաստագիր»:

Օրենքի 12-րդ հոդվածի 15-րդ կետում շեշտված «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերի  անհրաժեշտությունն ամրագրված է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննության կազմակերպման և անցկացման կարգի 82-րդ և 83-րդ կետերով, որտեղ սահմանված է ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ՝ «Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա  հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»՝ 5 տարի ժամկետով, որը նա ստանում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում»: Միանշանակ է՝ միայն վերապատրաստված, ՔՆՆՈՒԹՅԱՆԸ մասնակցած հավակնորդը կարող է ստանալ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, այն էլ քննությունների արդյունքները ամփոփելուց 10 օր հետո:

Ըստ նախարարի 18.05.2010թ. N 395-Ն հրամանի՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու և այս անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ:

Պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, որպեսզի կառավարությունը կասեցնի ԿԳ նախարարի անօրինական հրամանի գործունեությունը:

 

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Տեքստում «փոփոխություն» բառը բաց է թողնվել: Նախորդ նախարարի այս հրամանի մեջ նախարար Լևոն Մկրտչանի կողմից արված փոփոխությունն է հակասում օրենքին, ոչ թե 8.05.2010թ. N395-Ն հրամանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31