Ամերիկայի գեղարվեստական թարգմանիչների ասոցիացիայի (American Literary Translators Association ) հատուկ ընտրությամբ և հրավերով Արթուր Էլբակյանի «Իմ խելագար Շեքսպիրը» գիրքը Մերի Էլբակյանի (լուսանկարում) թարգմանությամբ ներկայացվեց այդ հեղինակավոր ասոցիացիայի 39-րդ կոնֆերանսին: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Ամերիկայի գեղարվեստական թարգմանիչների ասոցիացիայի կայքից:
Ըստ նույն աղբյուրի, այս տարի մոտ 500 թարգմանիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ ամբողջ աշխարհից և ուղղակի համաշխարհային գրականության սիրահարներ, ներկա էին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում կայացած 39-րդ ամենամյա կոնֆերանսին, որը համարվում է Ամերիկայի գեղարվեստական թարգմանիչների ասոցիացիայի ամենաշատ հաճախված հավաքը:
Կոնֆերանսում շուրջ 30 լեզուներ ներկայացնող ավելի քան 150 թարգմանիչներից Մերի Էլբակյանին տրվել էր բացառիկ հնարավորություն՝ ամբիոնից անգլերեն լեզվով կարդալ և ներկայացնել հայ հեղինակի` Արթուր Էլբակյանի «Իմ խելագար Շեքսպիրը» գրական գործը: Այդ գործը, որի համաշխարհային թատերական պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականին, Նյու Յորքում` միջազգային թատերական փառատոնի շրջանակում, արժանացել էր ԱՄՆ-ի գրական և թատերական աշխարհի հետաքրքրությանը:
Եվ հիմա էլ Օքլենդում տեղի ունեցած կոնֆերանսում գրական երկը և Մերի Էլբակյանի թարգմանությունը արժանացան ասոցիացիայի և մասնագետների ամենաբարձր գնահատականին: Այդ մեծ հաջողությունը ամրապնդվեց մի քանի առաջարկություններով: «Իմ խելագար Շեքսպիրը» կհրատարակվի անգլերեն, ինչպես նաև ռուսերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն:
Հարկ է նշել, որ մեր հայրենակից Մերի Էլբակյանը բազմալեզու լեզվաբան-թարգմանիչ է: Կատարյալ տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներին:
Կարդացեք նաև
Ավարտել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը: Մերին, բացի բանավոր եւ գրավոր թարգմանությունից, ԱՄՆ-ում զբաղվում է միջմշակութային հաղորդակցությամբ: Նա հանդիսանում է Ամերիկայի հասարակայնության կապերի հետ կազմակերպության (Public Relations Association of America) անդամ, որը հասարակայնության կապերի պրոֆեսիոնալների և մասնագետների աշխարհի ամենամեծ և առաջադեմ կազմակերպությունն է:
Ինչ վերաբերում է Ամերիկայի գեղարվեստական թարգմանիչների ասոցիացիային, այն էլ հանդիսանում է երկրների, լեզուների, մշակութային փոխհարաբերությունների և փոխըմբռնման յուրատեսակ կամուրջ: Սա միակ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որը բացառապես ծառայում է թարգմանչական արվեստին:
Ասոցիացիան կազմակերպելով թարգմանիչների ամենամյա կոնֆերանս, որտեղ հավաքվում են հարյուրավոր թարգմանիչներ եւ գրականագետներ ամբողջ աշխարհից, հնարավորություն է ընձեռում տարբեր լեզուներով գրող հեղինակներին ներկայանալ գրական աշխարհին: Սա մի հարթակ է, որտեղ թարգմանիչների և թարգմանչական արվեստի շնորհիվ արդեն դասական դարձած հեղինակների կողքին ի հայտ են գալիս գրողների և թարգմանիչների նոր անուններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Արթուր Էլբակյանը