Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը վարչապետին առաջարկում է ոչ թե Պետրոս Ղազարյանի զանգին սպասել, այլ՝ ԱԺ գալ՝ մենաշնորհների հարցով (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 13:18

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները ՀՀ-ում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը, որի պատճառով տուժում են սոցիալապես անապահով մարդիկ, թոշակառուները, տուժում է բիզնեսը. «Նոր վարչապետը հայտարարում է, որ այսուհետեւ բոլորը կարող են զբաղվել ներկրմամբ՝ առանց խոչընդոտների: Իսկ եթե խոչընդոտներ լինեն, առաջարկել է Պետրոս Ղազարյանին զանգահարել իր հեռախոսին եւ խոչընդոտների մասին հայտնել: Կարծում եմ, դա հարցի լուծման մեխանիզմ չէ»:

Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ ԱԺ լսումներ հրավիրեն եւ լուրջ քննարկման առարկա դարձնեն այդ հարցերը, որ հասկանան՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ միջոցառումներ պետք է կատարել, որ ապօրինի մենաշնորհները վերացվեն:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, միշտ էլ կարող ենք լսումներ անցկացնել: Համենայնդեպս, փաստեր են պետք, առավել եւս, եթե վարչապետը խոսել է, առաջիկայում իր բանաձեւը կներկայացնի»: Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ բավականին լուրջ եւ մեծ կառույց կա դրանով զբաղվող: Նա ասաց, որ պետք է սպասել, տեսնել կառավարությունն ինչ է անում:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, որ ԱԺ-ն այդպես էլ քննարկման առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավորները, որ մենք ունեցանք այդպիսի կորուստներ. «Ժամանակն է, որպեսզի ԱԺ-ն նաեւ հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի մեր կորուստների վերաբերյալ իրողությունը, եւ մենք կարողանանք պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք այս 25 տարվա մեջ առաջին անգամ ունեցանք տարածքային կորուստներ»:

Նա հորդորեց նախաձեռնել նիստ, որ քննարկման առարկա դարձնեն այս խնդիրը: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ խնդիրը հանձնաժողովներում քննարկվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31