Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:
Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:
Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: Հերթական այցի շրջանակում զորամասեր են մեկնել շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ: Հարկ է նաև նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Արարողության շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:
Կարդացեք նաև
Այցելության ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործին:
Հատկանշելով ծրագրի կարևորությունն ու շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար` ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին գնահատել են ցուցաբերվող վերաբերմունքն ու հատուկ ուշադրությունը և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում ավելի բարձր է պահվում բարոյահոգեբանական ու մարտական ոգին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն