Այսօր ԱԺ միջանցքում աշխույժ մթնոլորտ էր:
Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսի ատրիբուտները՝ յուրօրինակ արձանները դարձել էին պատգամավորների քննարկման առարկան: Ով ում ասես՝ նմանեցնում էր արձանները: Պատգամավորներից մեկը՝ արձանները տեսնելով՝ կատակեց, թե Գյումրիի ավագանու պակասող անդամներն են, եկել են ԱԺ:
ՀՀԿ-ականները կատակում էին, որ արձաններից մեկը՝ բեղավորը, շատ նման է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: Վլադիմիր Բադալյանն անգամ հեռախոսով փնտրեց ու գտավ Հայկ Բաբուխանյանի գլխարկով լուսանկարներից մեկը՝ ապացուցելու համար, թե ինչքան նման են: Պատգամավորներից մեկը՝ Ռուզաննա Մուրադյանը ճշտեց՝ ամեն բեղավոր չի, որ Բաբուխանյան է:
Կարդացեք նաև
Հետո պատգամավորներին միացավ օրվա հերոսուհին՝ Մարգարիտ Եսայանը, որի ծննդյան տարեդարձն է այսօր: ՀՀԿ-ականները Մարգարիտ Եսայանի հարսանիքը կազմակերպեցին ԱԺ միջանցքում՝ ապահովելով «ընտանեկան լուսանկարները»: Փեսան Վլադիմիր Բադալյանն էր, հարսը՝ Մարգարիտ Եսայանը: Հարսանիքին քավոր կանգնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լուսանկարներն այնքան էին դուր եկել Վլադիմիր Բադալյանին, որ վերջինս խնդրեց «Viber»-ով դրանք ուղարկել իրեն՝ կնոջը ցուցադրելու համար: Պատգամավորը վստահեցրեց, որ կինը չի խանդի եւ տանը խնդիրներ չի ունենա:
Ավելի ուշ միջանցքով անցավ Հայկ Բաբուխանյանը: Երբ պատգամավորները հուշեցին, որ «քեզ է նման», նա մի քանի վայրկյան նայեց բեղավոր արձանի աչքերի մեջ, բեղերին, փորձեց գտնել նմանություններն ու տարբերությունները եւ ժպտալով մտավ նիստերի դահլիճ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ