Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատեցին, բայց չքվեարկեցին

Հոկտեմբեր 24,2016 13:30

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը` կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու մասին

Երեկ Ազգային ժողովը 85 «կողմ», 7 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով ընդունեց կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրին «դեմ» քվեարկեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը թեեւ դահլիճում էր, բայց չքվեարկեց: Դահլիճում ներկա էր, բայց քվեարկությանը չի մասնակցել նաեւ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը քվեարկել է «ձեռնպահ»: Այդպես են քվեարկել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Լեւոն Դոխոլյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: ԲՀԿ խմբակցության ԲՀԿ-ական անդամները քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ խմբակցությունից կառավարության ծրագրին «կողմ» են քվեարկել կուսակցությունը լքած, բայց խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորները: ԲՀԿ-ից հեռացած եւ «Համախմբում» կուսակցություն ստեղծած Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը քվեարկությանը չեն մասնակցել, իսկ Վահե Հովհաննիսյանն ու «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը բացակա էին: Բացակաների շարքում էր նաեւ ԲՀԿ-ից հեռացած եւ «Ալյանս» կուսակցություն հիմնադրած Տիգրան Ուրիխանյանը: Երեկ նիստից բացակա էին նաեւ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանը:

Սպասելի էր, որ «Համախմբում» կուսակցության անդամները պետք է «դեմ» քվեարկեին, քանզի քննարկումների ժամանակ վարչապետին ուղղված նրանց հարցադրումները բավական սուր էին: «Առավոտի» հարցին` ինչո՞վ կբացատրեք ձեր պահվածքը կամ ինչո՞ւ քվեարկությամբ դիրքորոշում չարտահայտեցիք, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ քվեարկությանն իրենց չմասնակցությունը մի քանի պատճառ ուներ: «Նախ ասեմ, որ ծրագիրն այնպես չէ, որ լավ չէր վիճակը նկարագրվել: Բավականին կետեր, երկրում առաջացած իրավիճակներ ծրագրում նկարագրված էին:

Մենք մի քիչ այլ կերպ կներկայացնեինք ամենը` մարտահրավերների տեսքով, եւ կուսակցության ընդհանրական տեսակետն արտահայտեցինք Էլինար Վարդանյանի ելույթով: Բայց կուզենայի, որ լուծումները լինեին ոչ ընդհանրական, ինչպես թվարկված խնդիրներն են: Պատահական չէր, որ ես հնչեցրեցի հարց, որը տվել էի նաեւ 2012 թվականին կառավարության ձեւավորման ժամանակ: Այդ հարցը մնացել է եւ նույն ակտուալությամբ: Հարցս տարածքների զարգացմանն էր վերաբերում: Այդ հարցին ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր կոնկրետ լուծման ճանապարհ չառաջարկվեց:

Այս ամենով հանդերձ՝ մենք չմասնակցեցինք քվեարկությանը, քանի որ «դեմ» քվեարկել չենք ուզում: Չենք ուզում խանգարել կառավարությանը` ի սկզբանե «դեմ» լինելով: «Կողմ» չենք, որովհետեւ պատասխանատվություն ստանձնել է նշանակում այն ծրագրի համար, որն արդեն ասացի, թե ինչպիսին է: Ուստի ավելի լավ է չմասնակցել քվեարկությանը: Մեծամասնությունն ասում է` իմ ծրագիրն է, ի՞նչ գործ ունեիք, որ մասնակցեիք դրա կազմելու գործընթացին: Գուցե ճիշտ են, չգիտեմ:

Պատասխանատվությունն իրենք են ստանձնում, բայց անկեղծ, մենք բոլորս էլ ուզում ենք, որ այն, ինչը նկարագրված է այդ ծրագրում, կատարվի»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Նա հստակ չի տեսնում այն երկփուլ բաժանումը, որ ներկայացրեց վարչապետը` մինչեւ ապրիլ ամիս եւ դրանից հետո: Նա տեսնում է մի քանի կետեր, սոցիալական ծրագրեր, որոնք մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է իրագործել: Նա հիշում է, որ նախորդ կառավարության ծրագիրն էլ մեծամասնության ծրագիրն էր եւ երկարաժամկետ ծրագիր էր, ու հարցնում է` ի՞նչ եղավ այն: «Ես չգիտեմ՝ տրամաբանական ժամկետում` մինչեւ ապրիլ ամիս, ի՞նչ պետք է տեղի ունենա, որ կարողանամ գնահատել: Դրա համար էլ որոշեցինք չքվեարկել: Կառավարությունը թող աշխատի, ընթացքում գնահատական կտանք»,- ասաց նա:

Ստեփան Մարգարյանը մտավախություններ չունի, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ «Համախմբման» քննադատել-չքվեարկելու կեցվածքը կարող է վնասել «Համախմբման» արմատական ընդդիմադիր իմիջին. «Արմատական ընդդիմադիր լինելը «դեմ» քվեարկելով չի արտահայտվում: Մեր արմատականը համակարգային է, շատ ավելի լայն հասկացություն է, քան «դեմ» քվեարկելը»:

Երեկ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ անցյալ տարի բյուջեում գյուղատնտեսության ոլորտում ուռճացված թվեր էին: Թվանկարչությունն, ըստ Ստեփան Մարգարյանի, Հայաստանում կատարելության է հասցվել. «Վերջին ՏԻՄ ընտրություններում զավեշտալի բան ստացվեց. պաշտոնապես 84 հազար բնակիչ ունեցող քաղաքում 97 հազար ընտրող կար: Ի՞նչ անուն տալ սրան: Ի՞նչ է նշանակում` այլեւս չեն նկարվելու, ես չգիտեմ: Բայց թվեր նկարելն ի վերջո հանգեցնում է նրան, ինչին հիմա մենք հանգել ենք»: Ըստ Ստեփան Մարգարյանի՝ Կարեն Կարապետյանն անկեղծ է խոսում, երեւում է, որ ցանկանում է ինչ-որ բան անել. «Բայց այստեղ խնդիր կա. ես ուզում եմ հավատալ ցանկացած անձի, ով այդ ամբիոնից հայտարարում է, որ անկեղծորեն ուզում է ինչ-որ բան անել: Շատերը, վստահ եմ, այդ պահին անկեղծ են ասում: Բայց որքանո՞վ է նա ազատ անել այն, ինչը անհրաժեշտ է համարում այդ վիճակից դուրս գալու համար: Իսկ որպեսզի երկիրն այս վիճակից դուրս բերվի, ռադիկալ քայլեր են պետք: Քաղաքական մեծամասնությունը հայտարարում է` այդ կաբինետը մերն է, ծրագիրը մերն է եւ այլն: Թույլ կտա՞ն, որ անի: Այդ կաբինետը նախկինում էլ է եղել իրենցը, ծրագիրն էլ: Ես չեմ կասկածում, որ Կարեն Կարապետյանը լավ բան է ուզում անել: Բայց ինքնուրույնության աստիճանի հարց կա»:

Հետաքրքրվեցինք` դատելով նրանից, որ կառավարությունում` տնտեսական բլոկում, հատկապես պետեկամուտների կոմիտեի նախագահին ընտրելու հարցում Կարեն Կարապետյանին հնարավորություն տրվեց ինքնուրույն գործել, տրվա՞ծ է նրան ինքնուրույնության որոշակի աստիճան, Ստեփան Մարգարյանն ասաց, որ դա մի քիչ անձնավորված հարց է, ու ինքը չի ցանկանում խորանալ, բայց եթե համակարգը առողջ է, ուզում է եւ թույլ է տալիս, մութ գործեր անողն այդ համակարգում չի կարող դիմանալ: «Բոլորի համար ակնհայտ է, որ կարմիր գծերն անարդար են ու ոչ միայն նրա համար, որ մարդկանցից գումար են կորզում չմատուցած ծառայության դիմաց, այլ նաեւ՝ որ այդ գումարը մտնում է ինչ-որ մեկի գրպանը, ոչ թե համայնքային բյուջե: Տարրական հարց է, դե, եկեք կարգի բերենք: Շատ արագ լուծվող խնդիրներ կան, որոնք կարող են հույս արթնացնել, ինչը շատ կարեւոր է: Մեր քաղաքացին պետք է իմանա, թե ի՞նչ է իրեն սպասվում մեկ-երկու կամ հինգ տարի հետո: Դա մասամբ կար կառավարության ծրագրում: Արտագաղթ Հայաստանից եղել է ոչ միայն վատ ապրելու, այլեւ ավելի շատ անարդարության եւ անհուսության պատճառով: Տեսնենք»,- ասաց նա:

«Համախմբում» կուսակցությունն արդեն որոշում ունի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է:

Դաշինքով, թե միայնակ` դեռ քննարկելու հարց է: Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ամենալավ տարբերակը կլինի իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի միասնական մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին. «Վերջին ՏԻՄ ընտրությունները երկու խոշոր քաղաքներում ցույց տվեցին, որ ընտրությունները ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է երկրում լուրջ փոփոխության հասնել: Ընդդիմադիր հռչակված քաղաքական ուժերը միասնաբար ավելի շատ ձայն ստացան, քան իշխանությունը»: Խորհրդարանական ընտրությունները կընթանա՞ն երկու` իշխանական եւ իշխանության ձգտող բեւեռների միջեւ՝ ժամանակը ցույց կտա, բայց հասարակության վերաբերմունքը Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, ըստ մեր զրուցակցի, նման պահանջ է ձեւավորում. «ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ընդդիմությանը համախմբելու փորձ արել ենք: Ցավոք, չի ստացվել: Բոլորը պիտի դրանից դաս առնեն: Եվ մեզ համար նաեւ անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի չուզենան: Չուզենալն արդեն որոշակի այլ մտքեր է առաջացնում»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31