Գործարանի նախկին տնօրենն ասում է՝
«ոչ մի բան չպիտի խանգարի գործարքի կատարմանը»
«Նաիրիտ» գործարանում գոնե նաիրիտցիների համար այնքան սպասված ներդրողներ են հայտնվել, սակայն կառավարությունը կարծես թե լուրջ չի վերաբերվում: Արդեն 3-րդ շաբաթն է՝ խոսվում է, որ գործարանում պոտենցիալ ներդրողներ են հայտնվել, ժամանել են Հայաստան, ծրագիր ունեն, որը ներկայացրել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, բայց վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում հայտարարում է. «Նաիրիտի» վերաբերյալ կոնկրետ առաջարկ գոյություն չունի, ձեւակերպված առաջարկություն, որի շուրջ բանակցենք, գոյություն չունի»:
Մինչդեռ ներդրողները պնդում են, որ իրենք կոնկրետ ծրագրային առաջարկներ են ներկայացրել:
«EU-ASIA Business Finance Center Holding» ընկերությունը պատրաստ է «Նաիրիտը» վերաթողարկել: Ընկերության ներկայացուցիչ Կարեն Իսրայելյանը, որը գործարանի նախկին տնօրենն է եղել, հանդիպում է ունեցել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Իսրայելյանն ասաց, որ այս ծրագիրը վաղուց է գրվել եւ դեռ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանին էր ներկայացվել, որն էլ Ազգային ժողով էր ներկայացրել: Հիմա այն կրկին ներկայացվել է մեկ այլ գերատեսչության, եւ սպասում են պաշտոնական արձագանքին: Պարոն Իսրայելյանի խոսքով՝ հավանաբար եկող շաբաթվա ընթացքում նախարարությունը պատասխան կունենա:
Վարչապետ Կարապետյանի արձագանքի մասին պարոն Իսրայելյանն ասաց. «Դե, ինքը նոր է, չգիտի կամ էլ իրեն տեղյակ չեն պահել այդ ծրագրի մասին: Հույս ունեմ այս նախարարության հետ, եթե ընդհանուր հայտարարի գանք, իր կարծիքն ասի, վարչապետը լուրջ քննարկում կկազմակերպի ներդրողների հետ»:
Կարդացեք նաև
Հոլդինգը նախատեսում է նախնական ներդրումներ կատարել, ինչպես պարոն Կարապետյանն ասաց՝ ացետիլային սխեմայով՝ մոտ 30 միլիոն դոլարի, իսկ բութադիենայինը՝ մոտ 80 միլիոն դոլարի: Ընդ որում, ընկերությունը վստահեցնում է՝ գործարանի 6 ամսվա աշխատանքներից հետո կարելի է կաուչուկի առաջին խմբաքանակն արտահանել, հաշվարկները՝ տարեկան 8-10 հազար տոննա:
Մեր այն հարցին՝ արդյոք «Նաիրիտի» արտադրանքը միջազգային շուկայում մրցունա՞կ կլինի՝ հաշվի առնելով ճանապարհածախսը (փակ ճանապարհներ, էներգակիրների ծախսեր եւ այլն), պարոն Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Բրիտանական Jakobs ընկերության ուսումնասիրությամբ ձեր նշած գործոնները՝ լոգիստիկան, ինքնարժեքը, տրանսպորտային ծախսեր, իհարկե, հաշվի են առնվել, եւ այն ժամանակ «Նաիրիտի» արտադրած կաուչուկի 1 տոննան գնահատվել է 2800 դոլար, միջազգային շուկայում կաուչուկի վաճառքի գինն այդ նույն ժամանակ 3800 դոլար է եղել»:
Կարեն Իսրայելյանը հավաստիացնում է՝ «Նաիրիտի» արտադրանքը ոչ թե զիջում է եվրպական արտադրանքին, դեռ մի բան էլ ավելի լավն է. «Երբ «Դյուպոնն» ու «Բայերը աշխատում էին, սրանք հիմա էլ աշխատում են, մենք այն ժամանակ՝ 2005-2006 թվականներին, երբ գործարանը պետական էր, եւ ես տնօրենն էի, եվրոպական շուկա էինք արտահանում, իրացնում, այսինքն՝ շուկա կար, նույն եվրոպական շուկայում մեր արտադրանքը պահանջարկ ուներ, եվրոպական արտադրանքի երաշխիքային ժամկետը 6 ամիս էր, իսկ մերը 1 տարի էր»:
Հոլդինգի ծրագրի հակիրճ տարբերակում նշված է. «Մետաքսե նոր ուղու» իրականացումը, որի բաղադրիչներն են Իրան-Հայաստան երկաթուղու եւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատումը: «Մետաքսե ուղին» կապելու է Չինաստանը Իրանով, Հայաստանով, Վրաստանի Փոթի նավահանգստով եւ Դանուբ գետով Սլովակիայի եւ Եվրոպայի երկրների հետ»: Սա հսկայական ծախսեր ու ժամանակ պահանջող գործընթաց է, իսկ այս նախագծի ֆինանսավորումը, ինչպես գրված է ծրագրում, կարող է լինել ՀՀ կառավարության եւ «EU-ASIA Business Finance Center Holding»-ի հետ միասին ստեղծված «Համահայկական ԵՄ-Ասիա» հիմնադրամի միջոցով: Հիմնադրամի ֆինանսավորման գործընթացն էլ, ըստ ծրագրի, պատրաստ է կազմակերպել հոլդինգը՝ կառավարության հետ ստեղծելով համատեղ ոչ պետական կազմակերպություն, որը կֆինանսավորվի եվրոպական ֆոնդերի օգնությամբ:
Ծրագրով առաջարկվում է, որ «Նաիրիտի» պետական պարտքերը կառավարությունը չբարձի ներդրողի վրա, բայց ներդրողը, ինչպես ասաց պարոն Իսրայելյանը, պատրաստ է մասնավոր ընկերությունների պարտքերն իր վրա վերցնել, իսկ գործարանը հոլդինգին տալ խորհրդանշական 1 եվրոյով:
Կարեն Իսրայելյանի խոսքով՝ «Նաիրիտը» չվերագործարկելու միակ խոչընդոտը կարող է լինել կառավարության չկամությունը. «Միակ բանը, որ ցանկություն չլինի, թե չէ՝ եթե ընկերությունը ցանկանում է գումար ներդնել, ի՞նչ խոչընդոտ կարող է լինել, ոչ մի բան չպիտի խանգարի գործարքի կատարմանը»:
Գործարանի նախկին տնօրենն ասաց, որ հիմք կա համոզված լինելու, որ «Նաիրիտը» կարող է լավ աշխատել, քանի որ իր տնօրինության ժամանակ հենց այդպես էլ եղել է, իսկ երբ այն դարձավ մասնավոր, գնեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդը»՝ ամեն ինչ «գլխի վրա շուռ եկավ»:
«Նաիրիտը» նպատակային տարան սնանկության, գործարանը գնեցին, որպեսզի սնանկացնեն: «Նաիրիտը» երբ սկսեց աշխատել, իր արտադրանքը իրացնում էր եւ Ռուսաստանում, եւ եվրոպական երկրներում: Երբ մտանք ռուսական շուկա, «Բայերը» դուրս եկավ այդ շուկայից, չէր կարողանում իրացնել իր արտադրանքը: Այսինքն՝ անհասկանալի է՝ ի՞նչն էր պատճառը, որ մասնավորը, սեփականատերը բավականին մեծ գումարներ է ներդրել գործարանում, բայց տարավ կործանման՝ բարձր աշխատավարձեր, բավական մեծ, անհասկանալի ծախսեր, ու վերջնականապես գործարանը հասցրեցին այսօրվա վիճակին: Սեփականատերը գործարանն առել էր այն փակելու համար: Իսկ սեփականատերը գործարանը կփակեր, եթե կատարեր ինչ-որ մեկի պատվերը»,- գործարանի պատմությունը հիշեցրեց պարոն Իսրայելյանը:
«EU-ASIA Business Finance Center Holding»-ի վստահելիության եւ գործարանի վերը նշված ճակատագիրը չկրկնելու համար էլ պարոն Իսրայելյանն ասաց. «Կառավարությունն էլ այդ ուղղությամբ իր առաջարկները պետք է անի, վերահսկողություն իրականացնի ընկերության աշխատանքների նկատմամբ, պայմանագրով երաշխիքներ ստանա: Նախկինում էլ կար սահմանված հսկողություն, բայց ձեւական էր, չէր իրականացվում: Հոլդինգը պատրաստ է աշխատեցնել գործարանը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
22.10.2016
Եթե այդքան համոզված եք,ինչու արժեթղթեր բաց չթողնել,միջոցներ հավաքել և գործարկել:Չէ որ աշխարհում հիմնականում խոշոր ձեռնարկությունները այդպես են սկսել գործունեությունը:Ես նույնիսկ մտածում եմ,ինչու? նույն կերպ չկառուցել Իրան-Հայաստան երկաթուղու մեր մասը:Թող կառավարությունն էլ կողքից նայի….