Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքի բաժանումը մասնավորի եւ հանրայինի պայմանական է

Հոկտեմբեր 24,2016 12:30

Իրավական համակարգում դրանք սերտորեն փոխկապակցված են: Մասնավոր իրավունքը չի կարող գոյություն ունենալ առանց հանրայինի, որը պաշտպանում եւ ապահովում է առաջինի բնականոն գործունեությունը: Այդ իսկ պատճառով դատական պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական գործերի շրջանակում սխալմամբ քննում է ոչ թե մասնավոր, այլեւ հանրային իրավահարաբերություններից բխող վեճ, եւ այս կապակցությամբ վաղուց ի վեր անհրաժեշտություն է առաջացել այս ամենն ամրագրել ՀՀ վճռաբեկ դատարանի «նախադեպային» որոշմամբ:

Իրավունքի համակարգի տարանջատումը հանրային եւ մասնավոր իրավունքների՝ իրավագիտության մեջ հանդիսանում է առավել կայացած եւ լայն տարածում ստացած տեսական մոտեցում, որպիսին սկիզբ է առել դեռեւս Հին Հռոմում:
Այսպես, մասնավոր իրավունքն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակարգված համակցություն, որը պաշտպանում եւ կանոնակարգում է մասնավոր սուբյեկտների հարաբերությունները: Իր հերթին, հանրային իրավունքը կազմում են այն իրավական նորմերը, որոնք ամրագրում են պետական ու համայնքային իշխանության մարմինների գործունեության կարգը:

Հանրային եւ մասնավոր իրավունքի նորմերի դասակարգման չափորոշիչներ են համարվում նրանց դերը հասարակությունում եւ այս կամ այն նորմերով պաշտպանվող շահերի բնույթը: Հասարակության եւ պետության համընդհանուր շահերը ապահովող նորմերը վերաբերում են հանրային իրավունքի ճյուղերին, իսկ մնացածները, այսինքն` նրանք, որոնք իրենց անմիջական նշանակությամբ պաշտպանում են քաղաքացիների ու իրավաբանական անձանց մասնավոր շահերը, կազմում են մասնավոր իրավունքի ճյուղեր:
Այս կապակցությամբ հայտնի հին հռոմեական իրավաբան Ուլպիանը գրում էր. «պետության կարգավիճակին վերաբերողը հանրային է, իսկ մասնավորը վերաբերում է առանձին անձանց շահին»:

Իրավունքի տարանջատումը հանրայինի ու մասնավորի նախաձեռնվել է դեռեւս Հին Հռոմի իրավաբանների կողմից: Այս կամ այն ձեւով այն գոյություն ունի նաեւ ներկայումս: Այդպիսի տարանջատման իմաստը կայանում է նրանում, որ իրավունքի մեջ առկա են իրավական նորմերի խմբեր, որոնք կոչված են ապահովելու կա՛մ հասարակական, հանրային շահը (սահմանադրական, քրեական, վարչական, ֆինանսական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության եւ այլ իրավունքի ճյուղեր), կա՛մ մասնավոր անձանց շահերը (քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, առեւտրային, ձեռնարկատիրական եւ այլ իրավունքի ճյուղեր):

Հանրային իրավունքը կազմում են այն նորմերը, որոնք կանոնակարգում են պետական ու համայնքային իշխանության մարմինների գործունեության կարգը` ուղղված հասարակական շահի ապահովմանը: Այդ հարաբերություններում մի կողմ է հանդիսանում պետությունը կամ համայնքը, որն էլ իշխանական կարգադրությունների օգնությամբ ապահովում է այլ սուբյեկտների ենթարկվածությունը: Այդ իսկ պատճառով հանրային իրավունքի կանոնակարգումները չեն կարող փոփոխության ենթարկվել մասնավոր անձանց համաձայնությամբ: Սակայն դա չի նշանակում, որ պետությունը, համայնքը կամ նրանց շահերը ներկայացնող լիազոր վարչական մարմինները չեն կարող մասնակցել մասնավոր-իրավական հարաբերություններին:

Այստեղ անհրաժեշտ է հիշատակել, որ սովետական իրավագիտությունը բազմակողմանի ուսումնասիրել է հանրային իրավունքի բնագավառը, այդ թվում` կենտրոնացված կառավարումը եւ դրան ուղեկցող հրամայական մեթոդները, սակայն նույնը չի կարելի պնդել մասնավոր իրավունքի մասին: Առաջին հերթին, մասնավոր իրավունքը կապված է մասնավոր սեփականության առաջացման ու զարգացման հետ: Այն կազմում են նորմեր, որոնք պաշտպանում եւ կարգավորում են մասնավոր սեփականատերերի հարաբերություններն արտադրության եւ փոխանակման գործընթացում:

Դա հասարակական հարաբերությունների ապակենտրոնացված կարգավորման բնագավառ է: Իսկ պետական կամ համայնքային իշխանությունն էլ «դուրս է մղվում» մասնավոր հարաբերությունների բնագավառից` կատարելով միայն ապահովող գործառույթներ:

Այսպիսով, հանրային ու մասնավոր իրավունքի տարանջատման հիմնական իմաստը կայանում է քաղաքացիների, նրանց միավորումների շահերի բնագավառում պետության կամ համայնքի ներգործության սահմանների ամրագրման մեջ:

Հետեւապես, հանրային իրավունքին բնորոշ են.
-միակողմանի կամարտահայտությունը,
-սուբյեկտների եւ իրավական ակտերի ստորադասությունը,
-հրամայական՝ իմպերատիվ նորմերի գերակայությունը,
-հասարակական շահի բավարարելուն ուղղվածությունը:
Մասնավոր իրավունքին բնորոշ են.
-ազատ, բազմակողմանի կամարտահայտությունը, կարգավորման պայմանագրային ձեւի օգտագործումը,
-կողմերի իրավահավասարությունը,
-տնօրինչական (դիսպոզիտիվ) նորմերի գերակայությունը,
-մասնավոր շահերի բավարարելուն ուղղվածությունը:

Իհարկե, պրակտիկայում բավականին հաճախ է առաջանում հանրային եւ մասնավոր ինստիտուտների միաձուլում, որի վառ օրինակն է հանդիսանում զարգացող տեղեկատվական իրավունքը: Մասնավորապես, այդ իրավունքի հետագա զարգացման կապակցությամբ 2000 թվականի համընդհանուր տեղեկատվական հասարակության Օկինավյան խարտիայում հատուկ ընդգծված է տեղեկատվության ձեւավորման ու փոխանցման ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային իշխանական սկզբունքների կենսական կարեւորությունը, որոնք արդյունքում պաշտպանում եւ ապահովում են մասնավոր շահը:

Իր հերթին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը չպետք է փոխարինեն հողային կամ բնապահպանական օրենսդրության նորմերը, որոնք առաջին հերթին նախապատվություն են տալիս հասարակական շահերին: Հանրային իրավունքն ակտիվորեն օգտագործվում է բնական պաշարների օգտագործման ժամանակ հասարակական շահի պաշտպանության եւ մասնավոր իրավահարաբերություններում տնտեսապես անհավասար սուբյեկտների վիճակը հավասարակշռելու համար, երբ տնտեսապես ուժեղ կողմը բաշխում է իրավունքն իր օգտին` խախտելով շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Դրանով իսկ հանրային իրավունքն ապահովում է հավասար հնարավորություններ տարբեր սուբյեկտների համար` ապահովելով նրանց հավասար մրցակցությունը:

Գրականությունում առանձնացվում են հետեւյալ չափորոշիչները, որոնցից կախված այս կամ այն իրավունքի նորմերը վերաբերում են հանրային կամ մասնավոր բնագավառին.

-շահ, եթե մասնավոր իրավունքը կոչված է կարգավորել մասնավոր շահերը, ապա հանրայինը` հասարակական, պետական շահերը,
-իրավական կարգավորման առարկան, եթե մասնավոր իրավունքին բնորոշ են գույքային հարաբերությունները կարգավորող նորմերը, ապա հանրայինին` ոչ գույքայինները,
-իրավական կարգավորման մեթոդը, եթե մասնավոր իրավունքում գերակայում է համակարգման մեթոդը, ապա հանրային իրավունքում` ենթակայության մեթոդը,
-սուբյեկտների կազմը, եթե մասնավոր իրավունքը կարգավորում է միմյանց միջեւ մասնավոր անձանց հարաբերությունները, ապա հանրային իրավունքը` մասնավոր անձանց հարաբերությունները պետության հետ կամ պետական, համայնքային մարմինների միջեւ ծագող հարաբերությունները:

Հանրային իրավունքի բնագավառում մշտապես գերակայում է պետությունը, քանի որ նրա նորմերն ամենից առաջ արտահայտում են պետության եւ հասարակության շահերը: Ինչ վերաբերում է քաղաքացիներին կամ նրանց կողմից կազմավորվող իրավաբանական անձանց, ապա նրանք, հանդիսանալով հանրային-իրավական հարաբերությունների մասնակիցներ, պարտավոր են հետեւել օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում ամրագրված կանոններին: Հանրային եւ մասնավոր իրավունքի հարաբերակցության մասին խոսելիս` Հին Հռոմի իրավաբանները նշում էին. «Jus publicum privatorum pactis mutari non potest» («Հանրային իրավունքը չի կարող փոփոխվել մասնավոր անձանց համաձայնությամբ»): Դրա համար հանրային իրավունքը, որպես կանոն, ունի հրամայական բնույթ, հստակորեն ամրագրում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց պարտադիր, երբեմն նաեւ թույլատրելի վարքագծի տարբերակները:

Իսկ մասնավոր-իրավական հարաբերություններում, ի տարբերություն հանրային-իրավական հարաբերությունների, պետության ներգործությունը սահմանափակ է, քանի որ այստեղ գերակայում են բարի կամքը եւ մասնավոր նախաձեռնությունը: Սակայն պրակտիկայում գոյություն չունի հանրային-իրավական եւ մասնավոր-իրավական բնագավառների բացարձակ սահման: Մասնավոր-իրավական տարրերը հաճախ առկա են հանրային-իրավական հարաբերություններում եւ հակառակը:

Օրինակ` ընտանեկան իրավունքի նորմերի կիրառման արդյունքում ծագող մասնավոր-իրավական հարաբերություններում ի հայտ են գալիս հանրային իրավունքի տարրեր բոլոր այն դեպքերում, երբ խոսք է գնում ամուսնալուծության, ալիմենտների բռնագանձման եւ այլնի մասին, որոնք իրականացվում են հանրային իրավունքի նորմերով նախատեսված դատական կարգով: Մեկ այլ օրինակ` ձեռնարկատիրական իրավունքում նույնպես առկա են նորմեր, որոնք կոչված են կարգավորելու պետական մարմինների ու ձեռնարկատերերի միջեւ ծագող հարաբերությունները. խոսքը վերաբերում է հաշվառմանը, լիցենզավորմանը: Պետական (սահմանադրական) իրավունքում, հակառակը, գոյություն ունեն նորմեր, որոնք կարգավորում են հավասարազոր, ինքնիշխան սուբյեկտների (տեղական ինքնակառավարում, քաղաքացիների հավաքների անցկացում եւ այլն) միջեւ հարաբերությունները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգում, պահպանելով բաժանումը ճյուղերի եւ ինստիտուտների, օգտագործվում է իրավունքի դասակարգումը մասնավորի եւ հանրայինի այնպես, ինչպես բազմաթիվ այլ երկրներում: Սակայն մեզ դեռ անհրաժեշտ է գտնել լավագույն հարաբերակցություն հանրային-իրավական, այսինքն` հասարակական-պետական, եւ մասնավոր-իրավական շահերի ու համապատասխան իրավական կարգավորումների միջեւ: Մի կողմից, հանրային սկզբունքի ավանդական գերակայությունը պատմականորեն գրավում է իրավական եւ քաղաքական գաղափարախոսությունը (նույնիսկ հոգեբանությունը): Մյուս կողմից, պատմական զարգացման ընթացքում հանրային եւ մասնավոր իրավունքի սահմանները հասարակական կյանքի մի շարք բնագավառներում աստիճանաբար վերանում են եւ առաջանում խառը հարաբերություններ, մասնավորապես, աշխատանքային հարցերով, սոցիալական ապահովածության եւ այլնի հետ կապված:

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ վարչական
դատարանի դատավոր,
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ավագ դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31