Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մասնագիտության հիմքում տարիների փորձն է»

Հոկտեմբեր 24,2016 12:00

«Ոսկե դիմակի» արժանացած Ալեքսանդր Սիվաեւը՝
լույսի գծով նկարչի մասնագիտության մասին

Ազգային օպերային թատրոնում 2013թ. ամբողջովին արդիականացվեց բեմական մեխանիզմը, ներդրվեցին ժամանակակից լուսային եւ ձայնային թվային կառավարման համակարգեր: Լուսային եւ ձայնային ողջ տեխնիկան ներկրված է Գերմանիայից ու Ավստրիայից: Տեխնիկական վերազինումն իրականացրեց ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերությունը: Շուտով նման տեխնիկական վերազինումից հետո կբացվի Մայր թատրոնի վարագույրը: Բայց որեւէ նոր տեխնոլոգիայի ներդրումը ակնկալում է համապատասխան մասնագետների պատրաստում կամ վերապատրաստում, իսկ կոնկրետ՝ լույսի գծով նկարիչ մասնագետներ հայաստանյան բուհերը չեն պատրաստում: Բայց դա չի նշանակում, որ հայաստանյան թատրոններում ներկայացումներն ուղեկցվել են առանց լուսային ձեւավորման:

Մինչ օրս մեր թատրոնների «սվետավիկները», փաստորեն, իրենց աշխատանքում հմտացել են տարիների ձեռքբերած փորձի շնորհիվ: Էլ չենք խոսում, որ ժամանակակից բեմը պահանջում է համակարգչական-ծրագրային կառավարում բոլոր օղակներում: Մինչդեռ ժամանակին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում մի քանի որոշումներ են կայացվել բեմի տեխնիկական սպասարկման մասնագետներ պատրաստելու մասին (լույսի գծով նկարիչ, բեմի մեքենավար, հնչյունային ռեժիսոր, տեխնիկական ռեժիսոր, էկրանային համակարգի մասնագետ եւ այլն):

Ազգային օպերային թատրոնի Պուչինիի «Տոսկայի» բեմադրական աշխատանքներում որպես լույսի գծով նկարիչ հրավիրված է 2013թ. Մարիինյան թատրոնում «Հոֆմանի հեքիաթները» ներկայացման համար «Ոսկե դիմակի» արժանացած Ալեքսանդր Սիվաեւը:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ, իր խոսքերով՝ Ռուսաստանում էլ շատ չեն նման մասնագետներ պատրաստող բուհերը. «Լույսի գծով նկարիչները ուսանում են միայն Մոսկվայի ՄԽԱՏ-ում եւ Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում: Իսկ դիպլոմում մասնագիտությունը նշվում է նկարիչ-տեխնոլոգ: Իմ փորձից կարող եմ ասել, որ այս մասնագիտության մեջ ի վերջո հմտանում ես տարիների շնորհիվ»:

Հետաքրքրվեցինք՝ նոր բեմադրություն իրականացնելիս լույսի գծով նկարիչը սկսում է աշխատել բեմադրիչ-ռեժիսորի հետ հենց առաջին օրվանի՞ց, թե՞ նրան միանում է այնժամ, երբ սկսվում են բեմական փորձերը: «Ցանկալի է առաջին օրվանից, բայց տարբեր թատրոններ, ելնելով իրենց աշխատաոճից, տարբեր կերպ են մոտենում այս հարցին: Օրինակ՝ Հռոմի թատրոնում լույսի գծով նկարիչը սկսում է աշխատանքը պրեմիերայից 3-4 օր առաջ: Բայց դա արվում է բառացիորեն օր ու գիշեր: Մեծ թատրոնում՝ 8-10 օր խաղացանկային ներկայացումներ չեն լինում, փաստորեն, հանդիսատեսի առջեւ փակվում են թատրոնի դռները: Մարիինյանում մինչ նոր ներկայացման պրեմիերան լույսի գծով նկարչի մասնակցությունը բեմադրական աշխատանքներին սկսվում է առաջնախաղից երեքուկես օր առաջ:

Իսկ, ասենք՝ «Լա Սկալայում», այդ «աժիոտաժը» պահանջում է մեկ ամիս, բայց փորձերը սկսվում են առավոտ վաղ, ավարտվում ժամը 16.00, եւ այլն: Իսկ ընդհանրապես, 10 օրը բավական է «լուսային» նկարչություն իրականացնելու համար: Ես «Տոսկայի» աշխատանքներին միացա, սկսեցի համագործակցել բեմադրիչ- ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ շուրջ մեկ շաբաթ առաջ»,- հայտնեց Ալեքսանդր Սիվաեւը:
Մենք զրուցեցինք նաեւ Ազգային օպերային թատրոնի լուսավորման ծառայության պետ Սամվել Մալերյանի հետ, որն ըստ էության հանդիսանում է Երեւանի օպերային թատրոնի լույսի գծով նկարիչը: «Թատրոնում եմ 1994-ից:

Սկզբնական շրջանում լուսավորման ծառայության բնագավառում, որը ունի տարբեր ճյուղեր, հմտացել եմ Էդուարդ Գարեգինովիչ Կարապետյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ժամանակին մեր պոլիտեխնիկական ինստիտուտը պատրաստում էր նաեւ լույսի գծով նկարիչների, բայց հետո ինչ-ինչ պատճառներով այդ բաժինը փակվեց»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե ըստ մեր տեղեկությունների՝ ինքը կատարելագործվել է արտասահմանում, Սամվել Մալերյանն ասաց, որ դա իսկապես եղել է օպերային թատրոնում ընթացող տեխնիկական վերազինման աշխատանքների ժամանակ: «Նշեցի, որ լուսավորման ծառայությունը մի շարք ճյոււղեր ունի: Այդ ֆիրման ամերիկյան է, որի ղեկավարության նստավայրը Գերմանիայում է, իսկ ԱՊՀ երկրների համար կենտրոն է բացված Մոսկվայում, որտեղ եւ շուրջ մեկ ամիս կատարելագործվել եմ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե ասում են՝ իրեն երեւանյան թատրոնները «ձեռքից ձեռք են խլում» եւ նույնիսկ դեպք է գրանցվել, երբ կառավարական մի միջոցառում սպասարկելու նպատակով իրեն օդանավակայանից հետ են բերել, մասնագետը համեստորեն ընդամենը պատասխանեց. «Եթե կա անհրաժեշտություն, սիրով օգնության ձեռք եմ մեկնում մեր թատրոններին»:

samvel_maleryan

Սամվել Մալերյան

Ի դեպ, Սամվել Մալերյանի՝ որպես լույսի գծով նկարչի աշխատանքով Ազգային օպերային թատրոնը հյուրախաղերի է մեկնել Մարիինյան թատրոն Խաչատրյանի «Գայանեով», Մեծ թատրոն՝ Բելինիի «Նորմա» օպերայով, ինչպես նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ Քաթար, Թուրքիա, Եգիպտոս, Լիբանան եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ալեքսանդր Սիվաեւը

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31