Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրեժ Սեդրակյան. «Բազկամարտը երկրին տալիս է ուժեղ զինվոր եւ առողջ քաղաքացի»

Հոկտեմբեր 24,2016 11:00

Հայաստանի բազկամարտիկները օրերս Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունից տուն են վերադարձել յոթ մեդալով, որոնցից 4-ը՝ ոսկե: Այս մասին Aravot.am կայքը գրել է:

Մեր չեմպիոնների մեջ Վրեժ Սեդրակյանը, որը մեծահասակների առաջնությունում հաղթել է մինչեւ 75 կգ քաշայինների մեջ ձախ ձեռքով պայքարում, մեր բազկամարտիկների մեջ միակն է, որն այս տարի հավասարը չի ունեցել նաեւ Եվրոպայի առաջնությունում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ զրուցեցինք կրկնակի չեմպիոնի հետ: Սկզբում չէր համաձայնում՝ պատճառաբանելով, թե եղածը մի բան չի, ինքը պարզապես իր գործն է արել: Բայց ի վերջո տեղի տվեց:

vrej_sedrakyan

-Աշխարհի առաջնությունում քանի՞ մրցակցի «ձեռք ծալեցիր» եւ ո՞ր մարտերդ ավելի դժվար տրվեցին:

– Ձախ ձեռքով անցկացրել եմ յոթ մարտ: Ոչ մեկը հեշտ չի եղել: Բայց ամենադժվարը երկուսն էին. եզրափակիչ մտնելու համար՝ բելառուսցու եւ արդեն եզրափակչում՝ ղազախստանցու:

-Իսկ մինչ այդ, «գետնել էիր» նաեւ թուրք բազկամարտիկին:

-Սպորտում ազգությունը նշանակություն չունի: Բոլորն էլ քո մրցակիցն են, որոնց պետք է հաղթես: Բայց ձեր նշած մարտից հետո հաղթանակը մի ուրիշ զգացողություն պատճառեց:

-Միայն ձա՞խ ձեռքով էիր մասնակցում:

-Ոչ: Հանդես էի գալիս նաեւ աջ ձեռքով: Սակայն ձեռքս մի թեթեւ վնասեցի ու պայքարը չշարունակեցի:

-Բազկամարտում պետք է միաժամանակ ունենալ ֆիզիկական ուժ, արագություն, տեխնիկա եւ դիմացկունություն: Քո մոտ ո՞րն է գերիշխում:

-Այսպես պատասխանեմ. «կաղում է» միայն արագությունը: Բայց դա փոխհատուցվում է ուժի ու դիմացկունության հաշվին: Սկզբնական շրջանում չեզոքացնում եմ մրցակցի արագ գործողությունը, որից նա թուլանում է, հետո ինքս եմ գրոհում:

-Երբվանի՞ց ես զբաղվում բազկամարտով:

-Շատ ուշ եմ սկսել: Սկզբում զբաղվել եմ ուժային եռամարտով, դարձել Հայաստանի 10-ակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, հետո՝ հունահռոմեական ըմբշամարտով եւ միայն դրանից հետո եմ եկել բազկամարտ:

-Արդեն 33 տարեկան ես ու տարիքդ չի՞ խանգարում:

-Առայժմ՝ ոչ: Բայց տարիքն ի վերջո իր գործն անելու է: Առայժմ կարողանում եմ հաղթել երիտասարդներին: Իսկ երբ ժամանակը գա, գուցե հանդես գամ 40-50, 60 եւ ավելի տարիք ունեցողների մեջ: Ի դեպ, այնտեղ էլ են անցկացվում աշխարհի առաջնություններ եւ պայքարը պակաս թեժ չէ:

-Սա աշխարհի չեմպիոնի քո առաջի՞ն մեդալն է:

-Ոչ: Ես նաեւ աշխարհի անցած տարվա չեմպիոնն եմ: Եվրոպայում ունեի մեկ արծաթ, որն այս տարի փոխեցի ոսկով:

-Անկեղծ լինենք: Բազկամարտում դոպինգ օգտագործողները քիչ չեն:

-Հասկացա հարցի իմաստը: Ես երբեք արգելված ոչ մի նյութ չեմ օգտագործել: Անգամ վիտամիններ չեմ օգտագործում, որոնք թույլատրելի են ու սպորտային բժշկությունը խորհուրդ է տալիս: Այնպես որ, այդ հարցում բոլորը կարող են հանգիստ լինել:

-Բազկամարտը Հայաստանում ի՞նչ վիճակում է:

– Զարգանում է շատ արագ: Ու ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, այլ քաղաքներում ու մարզերում: Աշխարհի վերջին առաջնությունում մեդալ նվաճած մեր բազկամարտիկները հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից են: Մենք մարզվում ենք Պոլիտեխնիկական համալսարանում, որի ռեկտորատը անվճար տրամադրում է ունեցած բոլոր պայմանները: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նա բոլոր հարցերով կանգնած է հայկական բազկամարտի թիկունքին ու աջակցում է ամեն ինչում:

-Բազկամարտն ի՞նչ է տալիս հայ երիտասարդին:

-Առողջություն, ամրություն, ուժ եւ ինքնավստահություն: Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք ու երկրին ոչ միայն առողջ զինվոր, այլեւ առողջ քաղաքացիներ են անհրաժեշտ: Բազկամարտը տալիս է այս ամենը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31