Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծածս խաչքարը պետք է լիներ վեհ և ազգանվեր գաղափարին նվիրված. Սևակ Սահակյան

Հոկտեմբեր 23,2016 22:41

Քառօրյա ապրիլյան պատերազմը շարունակում է հայ երիտասարդներին ոգևորել, ինչու ոչ նաև մտահոգել: Սևակ Սահակյանը նրանցից մեկն է: Լեռնային Ղարաբաղում ծառայած երիտասարդը շատ լավ է գիտակցում հայրենիքի և զինվորականի արժեքը: Արվեստագետների ընտանիքում հասակ առած Սևակը զբաղվում է նկարչությամբ, քանդակագործությամբ, մետաքսի ձևավորմամբ:

Ծնունդով Լոռեցի` սպիտակցի, Սևակ Սահակյանը հոկտեմբերի 15-ին Սպիտակ քաղաքում ներկայացրեց իր ամենամեծ աշխատանքը` հուշակոթող խաչքար, որը հավերժացնելու է ապրիլյան քառօրյա հերոսների անմար հիշատակը: Ապրիլյան քառօրյա պատերազմին չկարողանալով մասնակցել և լինել մեր զինվորների կողքին` Սևակ Սահակյանը իր պատանեկան տարիների ստեղծագործական աշխատանքը, որոշեց կանգնեցնել հայրենի Սպիտակում հանուն նահատակների:

Խաչքարագործը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մանկուց սիրել եմ ստեղծագործել, նկարել, քար տաշել: Տանն անընդհատ տեսել եմ, սովորել, ընկալել: Հասկացել եմ, որ մասնագիտությունս պետք է համահունչ լինի նախասիրություններիս: Քառօրյա պատերազմն իսկապես սթափեցրեց բոլորիս: Խաչքարը վաղուց կար, իմ առաջին մեծ աշխատանքն է: Միշտ մտածել եմ, որ ստեղծածս խաչքարը պետք է լիներ վեհ և ազգանվեր գաղափարին նվիրված: Ամենաչնչին գնահատականն էր կյանքը մեզ համար զոհած  հայորդիների համար»:

Սևակ Սահակյանը պատմում էր, որ խաչքարի բացման արարողությանը ներկա էին զոհված հայորդիների հարազատներ, որոնք իրենց ներկայությամբ եկել էին հարգելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր եղբայրների: «Հպարտ եմ,որ կարողացա տարիների քրտնաջան ստեղծագործական աշխատանքս հայրենի Սպիտակում կանգնեցնել, որը անընդհատ կհիշեցնի, որ մեր հանգիստ ու խաղաղ ապրելու համար պարտական ենք սահմանին կանգնած տղերքին»:

Երիտասարդ խաչքարագործը ասաց, որ ստեղծագործությունը խորհրդանշում է հայրենիքն ու մայրությունը,որ հայը հավերժ է: Քանդակված խաղողն ու նուռը Հայաստանի խորհրդանիշներն են. «Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն էլ բարձր գնահատեցին աշխատանքս: ՀՀ ԵԿՄ Տ/Բ Սպիտակի նախագահի կողմից պարգևատրվեցի պատվոգրով,որը ինքնին պարտավորեցնող է»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31