Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թյունոսով եւ ավոկադոյով բրուսկետաներ

Հոկտեմբեր 23,2016 12:30

Բուտերբրոդ, սենդվիչ, տոստ, բրդուճ… հացով եւ այլ մթերքներով պատրաստված նախուտեստները շատ տարբեր են, բայց բոլոր դեպքերում թերեւս ամենասիրված ուտեստներից՝ իրենց հարմարության, արագ պատրաստման եւ բազմազանության համար: Իտալական բրուսկետան իրենից ներկայացնում է բաց սենդվիչ՝ տապակած կամ «խորոված» հացի կտոր, ցանկալի է «չիաբատա»  տեսակի, որի վրա անպայման ձիթապտղի ձեթ է քսված եւ սխտոր: Իսկ մնացածը՝ ճաշակի եւ երեւակայության հարց է: «Բրուսկետան» իտալերենից թարգմանվում է որպես «ածուխի վրա խորոված»: Սակայն մեր պայմաններում շատ ավելի հեշտ է այն ջեռոցի մեջ կամ գրիլ-թավայի վրա խորովել:
Ամենատարածված տեսակներից է լոլիկով եւ բալզամիկ քացախով բրուսկետան, որի համար անհրաժեշտ է լոլիկը շատ մանր կտրատել, ավելացնել է՜լ ավելի մանր կտրատած գլուխ սոխ, թարմ կանաչ պղպեղ, աղ, աղացած սեւ պղպեղ, ձիթապտղի յուղ եւ բալզամիկ քացախ: Սոխը եւ կանաչ պղպեղը կարող են բացակայել, իսկ առկայության դեպքում կարելի է մանր կտրատած բազիլիկ ավելացնել կամ դրա հայկական տարբերակը՝ ռեհան:
Այսօր առաջարկում եմ պատրաստել շատ համեղ բրուսկետա՝ պահածոյացված թյունոսով եւ ավոկադոյով:

Անհրաժեշտ մթերքները

Յուղի մեջ պահածոյացված թյունոս՝ – 1 տուփ
Ավոկադո-1 հատ
Գազար-1 հատ
Լոլիկ-1 հատ
Կիտրոն-0,5 հատ
Կանաչ սոխ-2 ճյուղ (կարելի է փոխարինել մեկ ճաշի գդալ մանր կտրատած գլուխ սոխով)
Մաղադանոս-1-2 ճյուղ
Աղ, աղացած սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ
Հաց- 6-8 կտոր (կարող եք վերցնել բատոն, «բուխանկա», Հրազդան տեսակի հաց կամ առավել եւս իտալական «չիաբատա», որից արդեն վաճառում են երեւանյան հացաբուլկեղենի խանութներում եւ նույնիսկ որոշ սուպերմարկետներում:1Պատրաստման եղանակը
Հացի կտորների վրա քիչ քանակությամբ ձիթապտղի յուղ ցողել կամ քսել վրձինով:
8-10 րոպեով դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցի ամենավերեւի հատվածում՝ զուտ կարմրելու համար: Չթողնեք շատ ուժեղ կարմրի եւ չորանա, ակնդետ հետեւեք:
Գրիլ թավայի վրա պատրաստելու համար թավան լավ տաքացրեք, վրան ձիթայուղ քսած հացի կտորները երկու կողմից թեթեւակի տապակեք:
Մինչ հացը խորովվում է, արագ պատրաստեք լցոնը, կամ տվյալ դեպքում՝ «քսոնը», որովհետեւ ոչ թե լցնելու ենք մեջը, այլ քսելու ենք վրան:

Թասիկի մեջ լցրեք յուղով պահածոյացված թյունոսը, պատառաքաղով տրորեք: Եթե թյունոսը ոչ թե յուղի մեջ է պահածոյացված, այլ սեփական հյութի, այդ հյութը թափեք, իսկ ձկանը ավելացրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Եթե յուղի մեջ է պահածոյացված, ձիթայուղ պետք չէ ավելացնել: Մանր կտրատած սոխը, լոլիկը, մաղադանոսը, քերած գազարը եւ ավոկադոն ավելացրեք տրորած ձկնիկին, համեմեք սեւ պղպեղով, եթե հարկ համարեք՝ նաեւ աղ ավելացրեք, բայց նկատի ունեցեք, որ ձուկն ինքնին աղի է լինում: Մանր քերիչով քերեք լավ լվացած կիտրոնի կեղեւը եւ կես կիտրոնի հյութի հետ նույնպես ավելացրեք խառնուրդին:

2 3
Ամբողջ զանգվածը լավ խառնեք:

Սխտորի պճեղը միջից կիսեք եւ քսեք տաքացած ու կարմրած հացիկների վրա: Ապա յուրաքանչյուր հացի կտորի վրա քսեք մեկ-երկու ճաշի գդալ պատրաստի խառնուրդից: Կարող եք զարդարել կիտրոնի կտորով կամ կանաչիով:

4
Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31