Հոկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած կամերային համերգը նվիրված էր կոմպոզիտոր Նինա Մակարովային՝ Արամ Խաչատրյանի տիկնոջը։ Հնչել են Նինա Մակարովայի կամերային գործերը՝ Սոնատինա դաշնամուրի համար, Վոկալիզ և վերհուշ թավջութակի և դաշնամուրի համար, Մեղեդի և սկերցո ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Լևոն Առաքելյան (թավջութակ), Արաքս Պողոսյան (ջութակ), Խաչատուր Անդրեասյան (դաշնամուր)։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև «Կյանքիս մեծագույն սերը» կինոֆիլմի ցուցադրությունը։
Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, խոսելով Խաչատրյանի փառատոնի մասին, նկատում է, որ չորս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել։ «Բացի այն, որ անընդհատ հնչեցվում է Արամ Խաչատրյանի անունը, փառատոնը բավականին լայն հորիզոն ունի. հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից երաժշտությանը, այլ կոմպոզիտորներին, հատկապես՝ երիտասարդ շնորհալի երաժիշտներին։ Մեծ թվով երիտասարդների եմ տեսնում, ովքեր իսկապես արժանի կատարողներ են, ում և բեմ է հատկացվում փառատոնի շրջանակներում։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա մեծ սիրով եմ հանդես գալիս խաչատրյանական փառատոնի շրջանակներում, տարբեր ձևաչափերով»,- ասում է պարոն Թալալյանը։
Նշենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։
Կարդացեք նաև
Արամ Խաչատրյանի փառատոն