«Կյանքը՝ սպորտի ռիթմով» խորագիրն է հավակնում կրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի աէրոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունը, որը նպատակ ունի առողջ ապրելակերպի վարակը տարածել ազգաբնակչության լայն շրջանակներում:
Միանգամից ասենք: Կարծես, այդ վարակը համաճարակի վերածվելու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ առաջին իսկ համատեղ նախաձեռնության հրավերին այսօր շուրջ ութ տասնյակ մարդ արձագանքեց: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվել էին ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ տարիքով մարդիկ, ե՛ւ երեխաներ: Նրանց մի մասը մարզումային փորձ ուներ, շատերն էլ առաջին անգամ էին սկսել մտածել իրենց առողջության մասին:
Առողջ ապրելակերպի մի խումբ առաջատար մասնագետ-մարզիչներ են համախմբվել այս ծրագրի իրականացման շուրջ ու նրանց թիվը նույնպես առաջիկայում անկասկած կավելանա: Աէրոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիայի նախագահ Մարիամ Վարդանյանի խոսքերով, իրենք համախմբվել են առողջ ապրելակերպը տարածելու գաղափարի շուրջ: «Ճիշտ է, անընդհատ բացվող ֆիթնես ակումբները նույնպես աշխատում են այդ ուղղությամբ, սակայն զուտ ֆինանսական տեսանկյունից ամեն մարդ չի կարող այնտեղ հաճախել: Մենք այսուհետեւ ամեն շաբաթ օրը ազգաբնակչության համար կազմակերպելու ենք այսպիսի մասսայական մարզումները:
Կարդացեք նաև
Վայրն ու եղանակային պայմանները նշանակություն չունեն: Այսօր մարզվում ենք բացօթյա: Վաղը, երբ ձյուն լինի, փակ տարածքներ կգտնենք: Իսկ գարնան գալով, մասսայական մարզումները կտեղափոխենք նաեւ մայրաքաղաքի տարբեր այգիներ: Ֆեյսբուքում կտեղադրվեն միջոցառումների ծրագրերը, որոնց բնակչությունը կարող է ծանոթանալ, իմանալ, թե որտեղ ինչ բնույթի պարապմունքներ են լինելու եւ հաճախել այնտեղ», – ասաց Մարիամ Վարդանյանը եւ բնակչությանը հաջորդ շաբաթ օրը նույնպես ժամը 11:00-ին հրավիրեց մարզահամերգային համալիրի հարակից տարածք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ