Օրերս մեկ հալեպահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան, իսկ առաջիկա շաբաթում Սիրիայից եւս 14 ընտանիքներ կժամանեն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց լիբանանահայ գրող, հրապարակախոս, Arevelk.am-ի խմբագիր Սագո Արեանը:
Նրանց օժանդակում է Սփյուռքի նախարարությունը. «Վիզայի հարցեր կան, մեր դեսպանատունը լիակատար կերպով օգնում է: Տոմսի խնդիրը եւս հեշտ լուծվում է: Բնակարանի հարցն է մնում, մարդիկ տրամադրում են: Կա ընտանիք, որին վեց ամսով տուն է տրամադրել բարերարը»,-հայտնեց Սագո Արեանը: Նա նշեց, որ առաջիկայում ժամանող ընտանիքներին եւս բարերարները տուն կհատկացնեն. «Նրանք վարձի խնդիրն են լուծում: Ոմանք էլ դատարկ բնակարաններ ունեն, որոնք տալիս են»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հատկապես «Հալեպ» բարեսիրական միությունն է ՀՀ տեղափոխվել ցանկացողների համար տոմսեր գնում եւ տրամադրում: «Իրական օգնությունը սկսվում է «Զվարթնոց» օդանավակայանից: Օրեր առաջ Սիրիայում ծառայող հոգեւոր հայրերից մեկն ասում էր, որ ամեն ինչ վերջանում է «Զվարթնոց»-ում, իսկ ես պնդում եմ, որ ամեն ինչ սկսվում է «Զվարթնոց»-ում, որովհետեւ բոլորս միասին փորձում ենք ինչ-որ կերպ օգնել այստեղ եկած սիրիահայերին: Մեկը՝ աշխատանքի, մյուսը՝ տուն տրամադրելու հարցում: Ամենակարեւորը հետեւյալն է՝ փրկել յուրաքանչյուր հայի, ով կկարողանա դուրս գալ Հալեպից»,-ասաց Սագո Արեանը:
Նա նկատեց՝ վերոնշյալը չի նշանակում, թե կողմնակից են հալեպահայ գաղութի քայքայմանը. «Նման բան չկա: Պատրաստ ենք օգնել այն հայերին, ովքեր ինքնակամ ցանկանում են դուրս գալ եւ հաստատվել Հայաստանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ