Նորաստեղծ «Ռեֆորմիստների» կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին միայնակ չի մասնակցելու: Այս մասին այսօր «Էրեբունի Պլազա»-ում կուսակցության համաժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
«Քանի որ երկրում տեղի է ունենում բարեփոխումների գործընթաց, առանձին մասնակցելու հարցը դուրս է գալիս մեր օրակարգից: Նպատակահարմար ենք գտնում մասնակցել դաշինքով»: Թե որ կուսակցության հետ են դաշինք կազմելու, Վահան Բաբայանի խոսքով՝ «ժամանակը ցույց կտա». «Շատ քիչ քաղաքական ուժեր կան Հայաստանում, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել և դաշինք կազմել»,-նկատեց նա:
Պատգամավորը չբացառեց, որ գուցե հենց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու ցանկություն ունենան. «Դա կորոշվի կուսակցության համագումարի ընթացքում»: Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե «ՀՀԿ-ի ստվերի տակ գործելու որակումներին ինչպե՞ս եք վերաբերվում», Վահան Բաբայանն ասաց. «Չէի ուզենա նման գնահատականներին պատասխանել: Մենք ինքնուրույն քաղաքական կազմակերպություն ենք և մենք ենք որոշում մեր ճանապարհը»:
Կարդացեք նաև
Համաժողովի ընթացքում նաեւ հայտարարվեց, որ առաջիկայում «Ռեֆորմիստները» կհրավիրեն արտահերթ համագումար, որի ընթացքում կքննարկեն 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը եւ ծրագիրը: Կուսակցության անդամները Վահան Բաբայանին լիազորեցին բանակցել քաղաքական ուժերի հետ՝ առաջիկայում դաշինք կազմելու նպատակով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ