Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց աշխարհի հայտնի եւ անհայտ բարիքները՝ «Արմպրոդէքսպոյում» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 22,2016 14:40

Աշնան բոլոր գույները խտացած էին գյուղնախարարության կազմակերպած «Արմպրոդէքսպո 2016»-ում, որին ներկայացել էին ոչ միայն տեղական արտադրողներն՝ իրենց ֆիրմային ապրանքանիշերի ներքո, այլեւ մարզերն՝ իրենց բնորոշ մթերքներով:

Երկրե-երկիր, աշխարհե-աշխարհ

Արցախ աշխարհը էքսպո էր բերել ոչ միայն հանրահայտ արցախյան մեղրը, այլեւ Արցախում աճեցվող արքայանարինջ եւ կիվանո, մարինացված բանջարեղենը, օղու տեսակներն ու մրգային պահածոները:

Արցախյան պահածոներն էլ են «կամուֆլյաժ» հագնում:

Արցախյան պահածոներն էլ են «կամուֆլյաժ» հագնում:

2

Քաշաթաղի տարածաշրջանում են Դավիթի մեղուները մեղր պատրաստում:

arcaxi-babo

«Ղարաբաղի նախշուն բաջի»

3Գեղարքունիքը ցուցադրում էր Սեւանի իշխանը, խեցգետինը, Գավառի գաթան, փախլավան, քյուֆթան, եւ իհարկե՝ «քյավառա կարտոլը»:

8

Չիչխան, իշխան, քյավառա քյուֆթա, գաթա, փախլավա եւ քյավառա կարտոլ՝ Գեղարքունիքի բարիքները:

10

«Կարմրաթշիկ» են ե՛ւ խեցգետինը ե՛ւ գաթան ե՛ւ փախլավան:

9Վայոց ձորից Երեւան էին հասել, բնականաբար, «Ջերմուկը», որը ժամանակին կոչված էր ողջ Հայաստանը պահելու, սարի ավելուկի, սպիտակուկի եւ այլ խոտաբույսերի չորացրած կապերը, ուլի խորովուն եւ այլ բարիքներ:

20 22

Տավուշի ցուցասեղանին հպարտ-հպարտ բազմել էր խոզուկը՝ ով չգիտի, որ լավագույն խոզերը Հայաստանում Տավշո անտառներում են ապրում: Դե իսկ այդ նույն անտառներից հավաքված մրգերը, հատապտղուղները եւ դրանց պահածոները հայտնի են ու սիրված:

21 tavushi-bariqner

Շիրակի մարզը տեսակ-տեսակ կաթնամթերքի, ընտիր կարտոֆիլ-գազարի, գարեջրի կողքին նաեւ մեղրի եւ քաղցրավենիքի տեսականի էր ներկայացրել:

17

Մեղրով էր եկել նաեւ Արագածոտնի մարզը, կողքին նաեւ՝ թարմ ու չորացրած մրգերի տեսականի, գինիներ, հյութեր ու բանջարեղեն:

4

Արարատի մարզը Արարատյան դաշտավայրի ողջ գունապնակն էր բերել՝ տեսակ-տեսակ բանջարեղեն, մրգեր, դրանցից պատրաստված պահածոներ եւ օղիներ, ինչպես նաեւ՝ մսամթերքի մեծ տեսականի, նաեւ՝ ձկներ. ամենաշատ ձկնաբուծարանները հենց Արարատի մարզում են:

6

Հարուստ էր նաեւ Լոռու մարզի ներկայացրած տեսականին՝ պանրեղեն, մրգեր, այդ թվում՝ կիվի, տեսակ-տեսակ չրեղեն, խմիչքներ…

12

Այս հսկա դդումը Լոռվա բնաշխարհից է:

11

Արմավիրից էլ հնդկահավը, հավն ու գառը մինչեւ Երեւան էին հասել, հասցրել էին խորովվել եւ մի լավ կարմրել: Տեսակ-տեսակ գինիները, միրգ ու բանջարեղենը նույնպես իր դաշտավայրային դիրքով հայտնի մարզի ներկայացրած ցուցանմուշների մեջ էին:

5

Սունկ, ավելուկ, ընտիր չրեր, չարազեղեն, «Գառնու» գաթա, Արամուսի սրսուռ գազար… Սա էլ Կոտայքի մարզի բարիքների ոչ լրիվ ցանկն է:

16

Սյունյաց աշխարհից Գորիսի լոբին, Մեղրու նուռն ու արքայանարինջը, ընտիր մեղրը, կաթնամթերքը, գաթաները նույնպես ներկայացված էին էքսպոյին:

18

Սյունեցիները՝ իրենց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի (մեջտեղում) հետ խմբակային լուսանկար են անում:

23

Տնտեսական օճառից մինչեւ հայկական արտադրության կալվադոս

Եթե մարզերն իրենց արտադրանքը ներկայացնում էին բացօթյա տաղավարներում, ապա շինության ներսում (հիշեցնենք, որ էքսպոն ավանդաբար տեղակայվում է «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիրում՝ Մերգելյան ինստիտուտ) ցուցադրված էին հայկական տարբեր ֆիրմային ապրանքանիշեր, որոնք արտադրում են կաթնամթերք, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, պանրի տեսականի, մսամթերքի եւ ձկնամթերքի տեսականի:

15 25Ավանդական տեսականուց բացի այստեղ կարող էիք գտնել անգամ հայկական արտադրության կալվադոս՝ տակառում թնդեցված խնձորի բրենդի, որը Ռեմարկի հերոսների սիրած խմիչքն էր: «Արմպրոդէքսպոյում» Ֆրանսիայի շունչը զգացվում էր ոչ միայն կալվադոսից, այլեւ նույն արտադրողի՝ «Ռուկար» ընկերության արտադրած անիսի օղուց (անիսի օղին շատ տարածված է միջերկրածովյան երկրներում, սա հունական «ուզոն» է, թուրքական «ռաքին», իրաքյան եւ այլ միջինարեւելյան երկրներում հայտնի «արակը», բուլղարացիների եւ բալկանյան այլ ազգերի մոտ տարածված «մաստիկան», անիսի օղու հիմքով են պատրաստվում նաեւ հայտնի ֆրանսիական «պաստիս» եւ իտալական «սամբուկա» թունդ լիկյորները), «Բորիսովկա» ընկերության առաջարկած «Կամամբեր» տեսակի պանրից եւ այլն:

«Միքայելյան» ընտանեկան ապրանքանիշն էլ ներկայացրել էր «Արոմա դել վինո» տեսականին՝ գինու մեջ թնդեցված պանիրներ:

Հայաստանի խոշորագույն սպանդանոցը՝ «Ոսկե կացինը» ներկայացրել էր իր «հալալ» միսը, որն արտահանվում է Իրան:

26

Հայկական կալվադոսը՝ մրգային օղիների հետ:

27

Գինու մեջ թնդեցված պանիրների տեսականի:

torter

Հսկա ծիրանն ու նուռը ոչ թե գենետիկ մոդիֆիկացման արդյունք են, այլ պարզապես՝ համեղ թխվածքներ՝ հայկական ոգով:

28

Հոլանդական վարդերը հայաստանյան հողում շքեղ են աճում:

24

Իրանցիների ֆինանսավորմամբ Արարատի մարզում կառուցված մեծագույն սպանդանոցի «Ոսկե կացինի» արտադրած «հալալ» մսեղենը:

Էքսպոյին ներկայացված էին նաեւ տարբեր հրուշակեղենի ֆիրմաներ, մեղրարտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններ, անգամ տնտեսական օճառ արտադրող մի ընկերություն, հոլանդական շքեղ վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերություն:

Երեկ «Արմպրոդէքսպո» էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր՝ վարչապետ Կարեն Կարապետյանը:

14 13

«Ռուկար» ընկերության ներկայացուցիչները հույս ունեին, որ հնարավորություն կունենան վարչապետին ներկայացնել իրենց խնդիրը՝ արտահանման հետ կապված դժվարությունները: Ըստ նրանց՝ հաճախ են իրենց մոտենում առաջարկներով՝ կալվադոսը, կիտրոնի եւ անիսի օղիների վաճառքը դրսում կազմակերպելու, սակայն պայմանով, որ կվճարեն այն ժամանակ, երբ ապրանքը կվաճառվի, իսկ այդ պարագայում արտադրողը որեւէ երաշխիք չունի, որ գումարը կստանա:

Արցախյան մեղրի արտադրությամբ զբաղվող Դավիթն էլ, մեր հարցին, թե այսպիսի էքսպոները ավելացնո՞ւմ են իրենց գնորդների թիվը, մեծացնո՞ւմ են շուկան, պատասխանեց, որ առեւտրաշրջանառության վրա լուրջ ազդեցություն չի նկատել, սակայն իր մշտական հաճախորդները ուրախ են լինում, երբ իրենց մեղրավաճառին տեսնում են էկրաններից՝ «զանգում-ասում են՝ տեսանք քեզ, մեղր ունե՞ս էլի…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31