The Beautified Project ռոք խումբն իր գործունեության 11 տարվա առթիվ թողարկելու է 4-րդ ձայնասկավառակը՝ Pale Nightingale («Գունատ սոխակ») անվանումով: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց The Beautified Project-ի հիմնադիր, կիթառահար Անդրե Սիմոնյանը:
Խոսելով ձայնասկավառակի անվանման մասին՝ նա ասաց, «Բնության մեջ թռչունների երգը պակասել է: Դա համեմատել ենք լավ երաժշտության հետ, որը եւս պակասել է վերջին տարիներին»:
Ձայնասկավառակը կներկայացվի հոկտեմբերի 24-ին՝ Տիկնիկային թատրոնում կայանալիք մենահամերգի ժամանակ:
Կարդացեք նաև
Այն ներառում է հեղինակային՝ անգլերեն ակուստիկ-ռիթմիկ երգեր եւ հայտնի «Արագիլ» երգը:
Անդրե Սիմոնյանը նշեց, որ նախորդ երեք տարում խումբը երկու անգամ մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայում, այդ թվում՝ Նիդերլանդներում եւ Ստամբուլում. «Հրավերներ կան հինգ երկրներից՝ Ֆրանսիայից, Թուրքիայից՝ Ստամբուլի հայ համայնքից, Վիեննայից եւ Գերմանիայից»: Երաժիշտները ծրագրում են նաեւ առաջին անգամ ելույթ ունենալ ԱՄՆ-ում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ