ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր կարևոր աշխատանքը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում լավ հնարավորություն էր ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Մենք կշարունակենք այս ուղղությամբ բանակցությունները Բաքվում և Երևանում»,- ասել է համանախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են համամարտության լուծման ուղղությամբ: «Վերջերս Մոսկվայում մենք հանդիպեցինք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բոլոր 3 համանախագահներն ունեն մեկ նպատակ՝ ուղիներ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ