Կան շատ լուրջ թեմաներ, որոնց պետք է անդրադառնալ բացառապես հումորով, հակառակ պարագայում ինքդ անլուրջ կընկալվես: Այդ թեմաներից է ՀԱՊԿ-ը: Ինչպես գիտենք, ՀԱՊԿ-ը սեփական զինանշանով, դրոշով, կանոնադրությամբ շատ լուրջ կազմակերպություն է, չնայած գոյության օրից կազմի համալրում տեղի չի ունենում, ավելին՝ ուզբեկները մի քանի տարի առաջ լքեցին կազմակերպությունը, եւ եթե հանկարծ, Աստված չանի, Արցախում մի բան լինի, ուզբեկները չեն գալու: Փոխարենը, եթե Ուզբեկստանի հետ մի բան լինի, իսկ այդ երկրի նախագահ Իսլամ Քյարիմովի մահվանից հետո շատ հնարավոր է որ Ուզբեկստանում մի բան լինի, մեր տղաներն էլ չեն գնալու այնտեղ: Փառքդ շատ, Աստված:
Առհասարակ չգնալը ՀԱՊԿ-ի կարեւոր գործառույթներից մեկն է, օրինակ` կազմակերպության հիմնադիր անդամներից Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը չի գնում, տվյալ պարագայում՝ գալիս: Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գագաթաժողովներին, որոնցից վերջինը, ինչպես գիտենք, անցկացվեց Երեւանում հոկտեմբերի 14-ին: Ղազախստանը միակ երկիրն էր, որը ներկայացված էր վարչապետի մակարդակով: Անգամ Պուտինը եկել էր:
Ի դեպ, ՀԱՊԿ-ի նախորդ, ոչ երեւանյան գագաթաժողովներից մեկին (2014-ին) Նազարբաեւը կրկին չէր ներկայացել, քանի որ նույն օրը Աստանայում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարին:
Այս անգամ, սակայն, պաշտոնապես հայտարարվեց, որ Նազարբաեւը մի փոքր մրսել է եւ անգամ Բաքու չի գնալու, որտեղ Ղազախստանի նախագահը պետք է լիներ Երեւան գալուց առաջ: Բայց ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի հաջորդ օրը, հոկտեմբերի 15-ին, Ղազախստանի նախագահն իր նստավայրում ընդունեց այդ երկրի որոշ պաշտոնյաների եւ ամենեւին էլ մրսածի տպավորություն չթողեց:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երեւանյան գագաթաժողովից հետո, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չնշանակվեց, քանի որ Նորսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը Երեւան չէր ժամանել, իսկ այդ նշանակման համար կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարների համաձայնությունն է պետք: Ուշադրություն դարձնենք, որ Բորդյուժան չի ասել, թե Նազարբաեւն ինչու չէր ժամանել Երեւան, կնշանակի կա՛մ չի հավատում, որ Ղազախստանի ղեկավարը մի փոքր մրսել է, կա՛մ էլ ինքը հավատում է, բայց վստահ է, որ ռուս լրագրողներն իրեն չեն հավատա:
Ինչեւէ, չի բացառվում, որ Նազարբաեւի մրսածության պատճառը ՀԱՊԿ-ի ղեկավարումը հայ պաշտոնյային վստահելու հեռանկարն է: Այնպես որ, եթե գալիք դեկտեմբերին Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշում կայացնեն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը պարտադիր չէ, որ հերթափոխով ներկայացնի անդամ պետությունները եւ կարող է շարունակաբար ռուս լինել, կամ տաջիկ, չզարմանաք: Առհասարակ, քանի մենք ՀԱՊԿ անդամ ենք, առաջարկում եմ չզարմանալ: Այստեղ բոլորն իրար դաշնակից են, բայց ոչ մեկը մյուսին դաշնակից չէ, բացի այդ՝ այստեղ կարող են հայտարարություն ընդունել, բայց մոռանալ այն տարածել:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում