Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը զբաղված է շանտաժով

Հոկտեմբեր 22,2016 15:30

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը`
ԼՂ հարցի շուրջ վերջին հայտարարությունների մասին

– Վերջին շրջանում Ադրբեջանից ակտիվացումներ են նկատվում ինչպես շփման գծում, այնպես էլ դիվանագիտական մակարդակում: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պատասխանատու Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ միջնորդներից ակնկալում են կոնկրետ գործողություններ, իսկ շփման գծում ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

– Եթե մեկ բառով՝ շանտաժ: Ըստ էության, այս հայտարարությունը հնչեցվեց ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի եւ ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունների, որոնցով ամրագրվում էր, որ կարճաժամկետ կտրվածքում չպետք է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուծումներ ակնկալել: Ավելին՝ շեշտվեց, որ կողմերը պատրաստ չեն կոնֆլիկտի լուծմանը:

Ադրբեջանը շանտաժի է գնում, որովհետեւ իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունների գերին է դարձել: Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողնում՝ հայտարարելու, որ եթե մոտ ապագայում առարկայական լուծումներ չլինեն, ապա իրենք ստիպված կլինեն խնդրի կարգավորմանը ռազմական ճանապարհով գնալ:
Ճիշտ է՝ ապրիլյան պատերազմից հետո այդ հայտարարությունների վստահ տոնը անկում ապրեց, սակայն ամեն դեպքում հիմնական քարոզչական քաղաքականությունը հենց դրա վրա է կառուցված: Իսկ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է հնարավորինս անվնաս դուրս գալու ելքեր գտնել, ինչը ոչ միայն բարդ է, այլեւ կարող է նրան ընդհուպ ծայրահեղ քայլերի դրդել:

– Ի՞նչ ծայրահեղ քայլերի մասին է խոսքը: Արդյոք շփման գծում առկա իրավիճակը դրա նախանշանների՞ց է:

– Ադրբեջանը խնդիր ունի ի ցույց դնելու այն հանգամանքը, որ այս հակամարտությունը սառեցված չի: Այս տեսանկյունից Բաքվում մտավախություն կա, որ համանախագահ երկրների հայտարարությունները՝ խնդրի արագ լուծում չունենալու մասին, ավելի կամրապնդեն ստատուս քվոն: Ուստի Ադրբեջանը փորձում է թեժացնել իրավիճակը շփման գծում՝ ոչ միայն միջազգային հանրությանն այս թեմայի վրա կենտրոնացնելու, այլեւ ապացուցելու համար, որ ստատուս քվոյի ամրապնդումը լարվածության է հանգեցնում:

Այնպես որ՝ ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կփորձի շփման գծում նոր բախումների գնալ, ինչը կարող է արտահայտվել եւ դիվերսիոն ու դիպուկահար խմբերի ակտիվացմամբ, եւ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթերի կտրուկ ակտիվացմամբ:

Այն, ինչ ունենք այս պահին շփման գծում, առայժմ լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն չի բացառվում, որ այն առաջիկայում առավել սուր բնույթ կրի: Ամեն դեպքում արձանագրենք, որ ամառվա ամիսների համեմատ աշունն առավել անհանգիստ ենք սկսել:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը երբեք չի համակերպվի Ղարաբաղի անկախության հետ, սակայն որպես փոխզիջում Բաքուն կարող է ինքնավարություն առաջարկել:

– Մեկ բառով՝ մոլություն: Այս դեպքում թիրախը ադրբեջանական հասարակությունն է: Եթե Ադրբեջանը Ղարաբաղի անկախության հետ պատրաստ չէր համակերպվել, ապա ինչո՞ւ էր տարիներ շարունակ բանակցում մի փաստաթղթի շուրջ, որը ենթադրում էր Արցախի անկախություն:

Մյուս կողմից՝ այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես գործընթացում ադրբեջանական դիրքորոշման կոշտացում, ինչը որոշակի պայմաններում կարող է արտահայտվել որպես գործընթացի վրա «խաչ քաշելու» մեկնարկ, ինչը եւս հղի է վտանգավոր հետեւանքներով:

– Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ հայտարարեց, որ Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դա Հայաստանի համար հետեւանք կարո՞ղ է ունենալ:

– Ես այդ հայտարարությունը դիտարկում եմ Թուրքիա-Ռուսաստան ջերմացող հարաբերությունների համատեքստում: Երկու կողմն էլ հասկանում են, որ այդ հայտարարությունը իրական կյանքում չի կարող արժեք ունենալ, սակայն քարոզչական-հոգեբանական առումով միգուցե օգտակար է այդ երկրներին:
Անկեղծ ասած՝ այլ տրամաբանական մեկնաբանություն չեմ գտնում, չեմ էլ ցանկանում գտնել, որովհետեւ այդ գաղափարը Հայաստանի համար ուղղակի չի կարող նույնիսկ քննարկման առարկա դառնալ, առավել եւս՝ կյանքի կոչվել:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

21.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31