Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՌԴ-ն Հայաստանին
ներքաշում է հակաարեւմտյան հայտարարությունների դաշտ
Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների` Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ հայտարարության ստորագրումը լուրջ մտահոգություններ է առաջացրել: Մասնավորապես այն, որ Հայաստանը ներքաշվել է մի հակաարեւմտյան հայտարարության սատարման մեջ, ինչը լուրջ վնաս կարող է հասցնել ՀՀ-Արեւմուտք հարաբերություններին:
Նշենք, որ այդ պայմանագրով անդամ-երկրներն իրենց մտահոգությունն են հայտնել աշխարհում համընդհանուր կայունության վրա ազդող գործոնների աճի, մասնավորապես՝ տարբեր տարածաշրջաններում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման կապակցությամբ:
«Առավոտը» Միջազգային եւ Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց` հատկապես ի՞նչ առումով հակաարեւմտյան քայլ է ՀՀ-ի կողմից այս հայտարարության ստորագրումը, եւ այն ինչպե՞ս է արտահայտվելու: Պարոն Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ այս քայլով Հայաստանը փաստացիորեն դուրս է գալիս ԱՄՆ-ի դեմ. «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ստեղծել է ՀԱՊԿ-ը իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, ինչպես որ ժամանակին ԽՍՀՄ-ը ի հակակշիռ ՆԱՏՕ-ի ստեղծել էր Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը: Հենց այդ համատեքստում էլ Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ անդամ երկրներին ներքաշել ԱՄՆ-ի հետ ունեցած հակամարտության մեջ, որը մոտ ապագայում կարող է ավելի սրվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների հետեւանքով: Սա Հայաստանի համար չափազանց վտանգավոր է, քանի որ դրանով փաստացիորեն դուրս է գալիս ԱՄՆ-ի դեմ, թեկուզ եւ բոլորը հասկանում են, որ մեր երկիրը Ռուսաստանի հարկադրանքով է միացել այդ հայտարարությանը»:
Կարդացեք նաև
Արմեն Վարդանյանը հատկապես զարհուրելի է համարում այն փաստը, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները՝ չի արձագանքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությանը, զինում է Ադրբեջանին, իսկ դրա փոխարեն Հայաստանին ներքաշում է հակաարեւմտյան հայտարարությունների դաշտ: Քաղաքագետը փաստեց, որ սա վերջերս տեղի ունեցած արդեն երկրորդ դեպքն է, երբ Մոսկվան անուղղակիորեն Երեւանին ներքաշում է Արեւմուտքի հետ ունեցած հակամարտության մեջ: Նա հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանը մասնակցեց ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված մի զորավարժության, որտեղ ՆԱՏՕ-ն պայմանական թշնամի էր հանդիսանում:
Հարց է, թե Հայաստանն արդյոք ունե՞ր այլընտրանք՝ խուսափելու նման իրավիճակներում հայտնվելուց: Արմեն Վարդանյանն այս առիթով նշեց. «Հայաստանը պետք է խուսափի նման հայտարարություններին միանալուց, քանի որ բավականին լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ եւ ՀԱՊԿ անդամ երկրներից միակն է, որ անհատական գործընկերության ծրագիր է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ: Բացի այդ, մեր երկիրը ամեն տարի նաեւ ֆինանսական եւ փոքր չափով ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից: Այնպես որ՝ նմանատիպ հայտարարություններին միանալը ամենեւին չի բխում Հայաստանի շահերից»:
Փորձագետը պարզաբանեց, թե ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային համակարգերի տեղակայումն ուղղված չէ Հայաստանի դեմ, այլ զսպող գործոն է Ռուսաստանի համար: Ուստի այս ամենից բխում է այն, որ քանի դեռ Ռուսաստանը չի հարգում Հայաստանի շահերը, մեր երկիրն էլ չպետք է սպասարկի Կրեմլի շահերը: Միեւնույն ժամանակ Արմեն Վարդանյանը նկատում է, որ տարաձայնությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ակնհայտ են. «Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին նկատելի էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կան որոշակի տարաձայնություններ, ինչը նշեցին նաեւ ռուս վերլուծաբանները»:
Մյուս մտահոգիչ զարգացումը, որ վերջին օրերին ալեկոծեց ՀՀ քաղաքական դաշտը, մտահոգություններ առաջացրեց, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունն էր այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք` արդյոք տեղի՞ն են այս հայտարարության շուրջ հնչած մտահոգությունները՝ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է. «Հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորում»: Լավրովի հայտարարությունից մինչեւ ՀՀ կառավարության ծրագիր. հետաքրքրվեցինք` այս տրամադրություններն ո՞ւր են տանում Հայաստանին եւ ի՞նչ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության բնագավառում:
Քաղաքագետը պատասխանեց` շեշտելով, որ Թուրքիան չի կարող նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի դեռ բացահայտ կողմնակալ վերաբերմունք ունի այս հակամարտության նկատմամբ: Եթե Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը, ապա նա կարող է որոշակի ճնշումներ գործադրել այդ երկրի վրա՝ մանավանդ, եթե հաշվի առնենք ռուս-թուրքական հարաբերություններում սկիզբ առած «ձնհալը»:
Քաղաքագետի համար ակնհայտ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը կբերի նրան, որ Ռուսաստանը կզրկվի մեր երկրի վրա ունեցած որոշակի լծակներից:
Դառնալով կառավարության ծրագրում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման դրույթին` պարոն Վարդանյանը նկատեց, թե Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը առանց նախապայմանների, սակայն, ցավոք, Թուրքիան այդ հարաբերությունների բարելավումը շարունակում է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ եւ Հայաստանից պահանջում զիջումների գնալ Ադրբեջանի օգտին: Քաղաքագետը հորդորում է իրատես լինել եւ հասկանալ, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բեկում չի լինի: Իսկ պատճառների մասին նշում է. «Նախ՝ այն պատճառով, որ Ադրբեջանը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, ինչը կարող է առաջին հայացքից զարմանալի թվալ, սակայն Ադրբեջանը Թուրքիայում ամենամեծ ներդրումներ կատարող երկիրն է, եւ դա իր ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի հարցում Էրդողանի իրականացրած արտաքին քաղաքականության վրա: Երկրորդը՝ իմ խորին համոզմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջիկայում առաջընթաց կարող է լինել, եթե Անկարայի վրա լուրջ ճնշումներ լինեն ԱՄՆ-ի կողմից: Ներկայումս Հայաստանը եւ Թուրքիան պատրաստ չեն առանց միջնորդների հարաբերությունների բարելավմանը»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
21.10.2016