Ի՞նչ է կոնսերվանտը, մոդիֆիկացված սննդամթերքը, սննդային հավելումները, գունանյութերը, թանձրացուցիչները, շաքարի փոխարինիչը՝ սպառողներից շատերին կամ չի հետաքրքրում, կամ չգիտեն դրանց մասին:
Վերը նշվածները զարգացած քիմիական արդյունաբերության ձեռքբերումներն են ու մեր առօրյա սննդի պարտադիր բաղկացուցիչը: Խոսքը այն E-երի մասին է, որոնց մենք առանց մեծ նշանակություն տալու հացի, երշիկի, կաթնամթերքի, քաղցրավենիքի, խնամքի պարագաների ու դեղորայքի հետ միասին օգտագործում ենք ամեն օր: Գեղեցիկ փաթեթավորմամբ գնում ենք ոչ միայն սնունդ, այլ նաեւ քաղցկեղ, շաքարային դիաբետ, անպտղություն, մազաթափություն, աղեստամոքսային համակարգի խանգարում, ալերգիաներ: Այս շարքը կարելի է շարունակել:
Որպես սպառող քիչ թե շատ սկսել ենք պիտանելիության ժամկետին ուշադրություն դարձնել, բայց այս պարագայում, ինչպես մասնագետներն են նշում, ժամկետանց ապրանքը չարյաց փոքրագույնն է: Նախկինում, որպես բնական կոնսերվանտներ, լայնորեն օգտագործվում էին մեղրը, քացախը, աղը եւ այլն, հիմա արտադրողներն օգտագործում են սինթետիկ կոնսերվանտներ` դրանք բնամթերքի համեմատությամբ շատ ավելի էժան են, ու արտադրողը նվազագույն քանակի մսով կարողանում է երշիկ արտադրել, առանց շաքարավազի քաղցր կոնֆետ ու խորտիկներ է պատրաստում, առանց մրգի ու շաքարի էլ` հյութ, վտանգավոր նյութերից մաստակ կամ կիսաֆաբրիկատներ պատրաստում:
Մթերքի, դեղամիջոցի, խնամքի միջոցի պահպանման ժամկետն ավելացնելու, դրանց գեղեցիկ գույն, բույր, համ, թանձրություն տալու համար էլ կոնսերվանտ է ավելացվում:
Կոնսերվանտների մեծ մասը միջազգային չափանիշներով գիտնականների կողմից դասվել են «վտանգավոր կարգավիճակ» ունեցողների ու հատուկ վտանգավորների շարքին: Մի շարք երկրներ հրաժարվել են դրանց որոշ տեսակների օգտագործումից, բայց Հայաստանը շարունակում է այն ուտել: Արտադրողը, ըստ օրենքի, դրանցից որեւէ մեկը օգտագործելուց անպայման պիտի նշի, որ այն մարդու համար վտանգավոր է, բայց մենք վտանգավոր բառի փոխարեն հակառակն ենք տեսնում՝ «օգտակար հավելումներ»:
Կարդացեք նաև
Ըստ մասնագետների՝ կոնսերվանտներն ազդում են սնկերի, բոլոր օգտակար ու անգամ վտանգավոր բակտերիաների վրա ու սպանում դրանց, մարդը այդ միաբջիջ բակտերիաների համեմատ ավելի ուժեղ է, միանգամից չի մահանում: Դրանք կուտակվում են մեր օրգանիզմում օր օրի ու հանդես գալիս մարդկությանը հայտնի մի շարք հիվանդությունների տեսքով:
Այս վտանգավոր կոնսերվանտներով ամենահարուստը մաստակն է, երշիկեղենը, ապխտած ձուկը, ապխտած միսը, գործարանային արտադրության կաթնամթերքը, որոնց պահպանման ժամկետը երկար է, յոգուրտները, չիպսերը, պաղպաղակը, կիսաֆաբրիկատները, շոկոլադը, փոշուց պատրաստված հյութերը, հիգիենայի պարագաները, կոսմետիկայի հազարավոր տեսակներ:
Որ խնդիրը կա՝ չի ժխտում նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ներկայումս աշխատում են այդ ուղղությամբ: Ըստ պարոն Դանիելյանի՝ «ստուգումներն իրականացվում են Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2002 թվականի հունվարի 28-ի 178/2002 կանոնակարգի համաձայն ու նախատեսված կարգով տարին մեկ անգամ ստուգումներ են անցկացվում, եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում մեղավորները պատժվում են»:
Հաշվի առնելով, որ օրենքի պահանջով մեր երկրում միայն մեծ արտադրողներն են ստուգման ենթարկվում, եւ փոքր ու միջին բիզնեսն այս առումով վայելում է կատարյալ ազատություն, ապա փոքրի մոտ կոնսերվանտը արտադրությունում չարաշահելու ռիսկն ավելի մեծ է: Հատկապես մեծ արտադրողների ապրանքն ավելի ճանաչված է, նրանց սպառումն ավելի մեծ է եւ արագ, հետեւաբար փոքր բիզնեսն իր արտադրանքն ավելի երկար պահելու խնդիր ունի, ինչն էլ կատարվում է կոնսերվանտների օգնությամբ:
Վահան Դանիելյանի խոսքով՝ իրենց ծառայությունը ֆիզիկապես այդպիսի լծակների չի տիրապետում, որպեսզի բոլոր ապրանքատեսակները կարողանա ստուգել, տեսնել, թե արտադրողն ինչ կոնսերվանտ ու ինչ քանակությամբ է օգտագործել, եթե վերջինս «պատահաբար» մոռացած լինի այդ մասին նշել պիտակի վրա:
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ»
21.10.2016