Աշխատանք չունենալու պատճառով հայերից շատերն առեւտրի են մեկնում Թուրքիա: Նրանք հայտնվում են իրավապահների, ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում:
Սիրանուշ Թադեւոսյանին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, դատապարտել էր 6 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Պատժի կրման սկիզբը հաշվել էին 2014թ. փետրվարից:
Ըստ մեղադրանքի, Սիրանուշ Թադեւոսյանը 2013թ. հուլիսից պարբերաբար մեկնել է Թուրքիա, այնտեղից Հայաստան է բերել ու վաճառել է տարբեր տեսակի ապրանքներ: 2013թ. դեկտեմբերի 14-ին Բավրա մաքսակետով ելք կատարելով՝ Հայաստանից ավտոբուսով ուղեւորվել է Ստամբուլ: Նա ձեռք էր բերել 0.46 գրամ ընդհանուր քաշով «Տենամֆետամին» «ՄԴԱ» տեսակի թմրամիջոց համարվող 20 հատ հաբ: Ըստ գործի նյութերի. «Սիրանուշը հաբերով թեյի փաթեթը տեղավորել էր մրգերով լցված պոլիէթիլենային տոպրակում այն հաշվարկով, թե մրգերով լի տոպրակը մաքսային սահմաններում հսկողություն իրականացնող ծառայողների ուշադրությունը չի գրավի: 2013թ. դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Բագրատաշեն սահմանային հսկիչ-անցագրային կետով ժամանել է Հայաստան եւ մաքսային հսկողությունից թաքցված 20 հատ հաբերը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է ՀՀ, այնուհետեւ տեղափոխել քաղաք Երեւան, որտեղ ՀՀ ԿԱ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների ադյունքում դրանք հայտնաբերվել են վերոհիշյալ թեյի փաթեթում պահված վիճակում»:
Դարի հանցագործն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել եւ հրաժարվել ցուցմունք տալ:
Ի դեպ, որպես կասկածյալ նա ցուցմունք էր տվել, որ Թուրքիա է մեկնել առեւտուր կատարելու նպատակով: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում, ՀՀ-ում բնակվող իր ծանոթ Արմեն Մխիթարյանի միջոցով, ծանոթացել է Ռուզաննայի հետ: Արմենի հետ ծանոթացել է Երեւանում, նրա ընկերոջ՝ Վկոյի միջոցով: Վկոն հանդիսացել է իր հաճախորդը: Արմենն իրեն առաջարկել է մեկնել Թուրքիա՝ առեւտուր կատարելու նպատակով: Ինքը համաձայնել է եւ 2013թ. ամռանը մեկնել է Թուրքիա:
«3-4 ամիս առեւտուր եմ արել, Թուրքիայից գնել եմ տարբեր տեսակի ապրանքներ եւ ՀՀ բերելով՝ վաճառել եմ դրանք: 2013թ. նոյեմբերին, քանի որ կուտակած է եղել պարտքեր, Ռուզաննան իրեն ասաց, թե կօգնի դրանք արագ մարելու հարցում: Նա առաջարկեց ՀՀ տեղափոխել «Ջամայկա» տեսակի նյութ, այն հանձնել Արթուրին: Ռուզաննան տվեց Արթուրի համարը: Ռուզաննան ասել է, որ դրա դիմաց իրեն կվճարի 300 դոլար: 2013թ. դեկտեմբերի 18-ին դուրս եմ եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքից, իսկ հաջորդ օրը հասել Վրաստան»,- ասել էր Սիրանուշը:
Ի դեպ, երբ ավտոբուսով հասել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Սիրանուշը նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որտեղից շարժվել են դեպի Հրաչյա Քոչարի փողոց: Նրանց կանգնեցրել են ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, ներկայացել են ու բերման են ենթարկել վարչություն: Այնտեղ կատարվել է անձնական խուզարկություն. Սիրանուշի ուղեբեռի միջից հայտնաբերվել է «Ջամայկա» տեսակի նյութը, որը նրան էր տվել Ռուզաննան՝ Արթուրին փոխանցելու համար: «Ջամայկայի» փաստացի քաշը կազմում էր մոտ 90 գրամ, այն առգրավվել է:
Կասկածյալի կարգավիճակով Սիրանուշն ասել էր, որ Ռուզաննան իրեն տվել էր նաեւ 20 հատ կարմիր գույնի դեղահաբ, հայտնելով, թե դրանք «էներգիա հաղորդող ռեդբուլին դեղամիջոցներ են, որոնք վնասակար չեն առողջության համար»: Նկատենք, որ խոսքը թմրամիջոցի մասին է:
Վկաներից Վահե Օհանյանը, որը 2007թ. աշխատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետում, որպես մաքսային տեսուչ, հայտնել էր, թե Վրաստանի տարածքից մուտք գործած Թուրքիայից ավտոբուսով ՀՀ ժամանած ուղեւոր Սիրանուշ Թադեւոսյանի տվյալներով քաղաքացուն ինքը չի ճանաչում: Նրա կողմից մաքսային սահմանը հատելու վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մուտք գործել Հայաստան եւ ֆիզիկապես հնարավոր չէ բոլորին հիշել: Եթե տվյալ քաղաքացու հետ կապված որեւիցե արտառոց բան լիներ, ինքը կհիշեր նրան. «Քաղաքացին կասկած չի հարուցել, դրա համար էլ զննման չեն ենթարկել: Վստահ է, որ նշված քաղաքացուն, ինչպես եւ մյուսներին, բանավոր հարցման է ենթարկել»:
Իսկ վկա Արմեն Մխիթարյանն էլ, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ձեռքբերմամբ, եւ նախկինում աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, որպես հրշեջ հրահանգիչ, հայտնել էր, թե Սիրանուշը նույնպես զբաղվել է առեւտրով: Նրա հետ ունեցել է եւ հանդիպումներ, եւ հեռախոսային զրույցներ: 2013թ. օգոստոս ամսից Սիրանուշի հետ կապ չի պահպանել, որի պատճառը եղել է այն, որ 2013թ. հուլիս-օգոստոս ամսին Սիրանուշին պարտքով 3500 ԱՄՆ դոլար գումար է տվել, իսկ նա գումարը չէր տալիս: «2013թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլի ավտոկայանում հանդիպել է Սիրանուշին: Ավտոկայան գնալու նպատակն է եղել այն, որ Երեւան ուղարկելու համար ուղեբեռ է ունեցել: Սիրանուշի հետ այդ հանդիպման ժամանակ նա իրեն ասել է, որ իր շրջապատին տեղեկացնի, որ այլեւս գումարի վերաբերյալ հետը չխոսեն եւ գումարի մասին չհիշեն, թե չէ իր եւ իր շրջապատի համար վատ կլինի: Հաջորդ օրը առավոտյան Սիրանուշին տեսել է նույն ավտոկայանում, երբ նա մեկնելիս է եղել Հայաստան: Ինքը նրան ոչինչ չի տվել Հայաստան տեղափոխելու համար: Դրանից հետո այլեւս Սիրանուշին չի տեսել եւ նրա հետ հեռախոսային խոսակցություն չի վարել: Թե ինչ ուղեբեռ է տեղափոխել Սիրանուշը եւ ում համար, չգիտի: Հետո Ստամբուլում Ռուզաննայից տեղեկացել է, որ Սիրանուշը Հայաստանում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգություն կատարելու համար: Թե որտեղից թմրանյութերը նրան եւ ինչպես է նա դրանք տեղափոխել Հայաստան, ում համար եւ ինչ նպատակով՝ չգիտի: Երբեք թմրանյութ ձեռք չի բերել, չի տեղափոխել, չի իրացրել եւ չի օգտագործել»,- ասել է Արմեն Մխիթարյանը:
Վկա Մարթա Պետրոսյանն աշխատանք չունենալու պատճառով ամիսը մեկ կամ երկու անգամ ավտոբուսով մեկնում է Ստամբուլ: Ստամբուլում բնակվում է իր քույրը՝ Ռուզաննա Պետրոսյանը, ով աշխատում է որպես տուն մաքրող: Սիրանուշին տեսել է Ռուզաննայի տանը, որտեղ Սիրանուշը բնակվել է. «2013թ. դեկտեմբերին հեռուստացույց դիտելով, լուրերից տեղեկացա, որ Սիրանուշ Թադեւոսյանը թմրանյութի մաքսանենգության համար կալանավորվել է: Թե որտեղից է նա ձեռք բերել թմրանյութեր, ինչպես է դրանք տեղափոխել Հայաստան, ում համար եւ ինչ նպատակով՝ չգիտի: Ոչ Սիրանուշին, ոչ էլ այլ անձի երբեք չի դիմել թմրանյութ տեղափոխելու համար: Սիրանուշի մոտից հայտնաբերված թմրանյութերի հետ ոչ մի առնչություն չի ունեցել: Չի իմացել, որ Սիրանուշ Թադեւոսյանի մոտ «Ջամայկա» անվանումով խոտանման զանգված եւ դեղահաբեր են եղել: Ոսկյա զարդերի կամ այլ թանկարժեք մետաղների, քարերի առքուվաճառքով չի զբաղվել եւ ոչ մի տեղից, այդ թվում՝ նաեւ Թուրքիայից, այդպիսի ապրանքներ Հայաստան չի տեղափոխել»:
«Համտուր» ԱՁ-ի տնօրեն Անուշ Սարգսյանն ունի պայմանագիր Թուրքիայի ուղեւորափոխադրող «Մարիզե տուր» ֆիրմայի հետ եւ իրականացնում է Թուրքիա ուղեւորների տեղափոխման կազմակերպումը: Նա նկարագրել էր Երեւանում իրենց ավտոբուսի զննումը. «Մեր ավտոբուսը Երեւանում կայանեց Մարզահամերգային համալիրի շենքի մոտ, որտեղից ավտոբուսում գտնվող ուղեւորները հեռացան: Թե Բագրատաշենից Երեւան ուղեւորվելու ճանապարհին մեր ավտոբուսը կոնկրետ որտեղ է կայանում, կարող եմ ասել, որ այն հաստատապես կայանում է Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, եթե այնտեղ իջնող ուղեւորներ են ունենում: Իսկ եթե բոլոր ուղեւորները Երեւանից են, ընդհանրապես չեն կանգնում, ճիշտ է, եթե արտառոց երեւույթներ տեղի չեն ունենում: Բագրատաշենից շարժվելուց էլ ուղեւորներին զգուշացնում ենք, որ հոգան իրենց բնական կարիքները, որպեսզի ավելորդ տեղն ինչ-որ վայրում ավտոբուսը չկանգնեցվի: Իսկ եթե բնական կարիք ունեցողներ են լինում, ստիպված ավտոբուսն ինչ-որ տեղ կանգնում է: 2013թ. դեկտեմբերի 20-ին հիշում եմ, որ Սպիտակի վերջին բենզալցակայանի մոտ ավտոբուսը կանգնեց, քանի որ ունեցել են Գյումրի գնացող ուղեւորներ: Հայաստան վերադառնալուց մի քանի օր անց, հեռուստատեսությունից տեղեկացա, Սիրանուշը միշտ ասել է, որ Թուրքիայից հագուստ է ուղարկում Ռուսաստան»:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը դիմել էր դատարան, կապված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 16.05.2016թ. ՀՀ օրենքի հիմքով դատավճիռը վերանայելու հարցի հետ:
Դատարանը դատախազի դիմումը մերժել էր, նկատի ունենալով, որ նշված օրենսդրական փոփոխության արդյունքում դատապարտյալին վերագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, որի համար որպես պատիժ սահմանվել է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում, այսինքն՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 16.05.2016թ. ՀՀ օրենքով դատապարտյալի վիճակը որեւէ կերպ չի բարելավվում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
21.10.2016