Հայտնի է, որ եղանակային տատանումների ժամանակ, այն մարդիկ, որոնք ունեն ցածր իմունիտետ, հակված են շուտ մրսածության, որի խորացումը բերում է հարբուխի, հազի:
Հարբուխը, որը նաեւ կոչվում են քթաբորբ կամ ռինիտ, իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում:
Մասնագետները նշում են, որ սովորաբար հարբուխն առաջանում է տարբեր մանրէներով եւ վիրուսներով ախտահարվելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի եւ երիկամների հիվանդությունները եւ այլն:
Այն մարդիկ, որոնց մոտ հատկապես սուր հարբուխ է եւ այն հաճախ է կրկնվում, կարող է դառնալ քրոնիկական, մշտական, որն էլ կարող է հանգեցնել քթի խոռոչի լորձաթաղանթի գերաճման եւ, հետեւաբար՝ շնչառության դժվարացման կամ ընդհակառակը, դրա հետաճման` լորձաթաղանթի բարակում: Այդ դեպքում շատ դժվար է լինում վերականգնել լորձաթաղանթի ֆունկցիան ու հոտառությունը: Ահա թե ինչու է կարեւոր քրոնիկական հարբուխի կանխումը:
Հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում՝ պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը: Շատ կարեւոր է նաեւ քիթի ճիշտ մաքրումը, որը պետք է կատարվի առանց լարվածության եւ յուրաքանչյուր քթանցքը` հաջորդաբար, որպեսզի մանրէները չթափանցեն միջին ականջ: Բորբոքային գործընթացը քրոնիկականի չվերածվելու համար հարկավոր է խստորեն կատարել բժշկի նշանակումները: Անոթաշարժական եւ ալերգական հարբուխի դեպքերում բուժումը իրականացնում է բժիշկը:
Այս շրջանում շատ կարեւոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին:
Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է նախ դիմել բժշկի: Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճի: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղամիջոցներ:
Մրսածության, հազի, գլխացավի, տենդի, ինչպես նաեւ հոդաբորբի, ռեւմատիզմի, թոքային հիվանդությունների դեպքում, դեռեւս հնուց ի վեր իբրեւ ցավազրկող, ջերմությունը իջեցնող, միզամուղ, քրտնաբեր միջոց օգտագործվել է ռեհանը: Այս հրաշալի բույսն ունի նաեւ հակաբորբոքային եւ հակասպազմակտիկ ներգործություն: Արդյունավետ է ե’ւ եփուկի, ե’ւ թուրմի ընդունումը:
Հազի, մրսածության դեպքում նաեւ շատ օգտակար է հետեւյալ միջոցը. սերկեւիլը եփել կաթի մեջ եւ ստացված զանգվածը ուտել: Կոճապղպեղի՝ իմբիրի, արմատը ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել մեկ թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր եւ խմել: Ե՛վ համեղ է, ե՛ւ օգտակար՝ հատկապես մրսածության, հազի ժամանակ:
Լարինգիտի՝ կոկորդաբորբի եւ ձայնալարերի խզման դեպքում շատ օգտակար է հետեւյալ բուժամիջոցը. 0,5 բաժակ անիսոնի սերմը 1 բաժակ ջրում եփել 15 րոպե: Մի քիչ հովացնելուց հետո քամել, եփուկի վրա ավելացնել 1/4 բաժակ մաքուր մեղր եւ նորից եփել: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Ընդունել 30 րոպեն մեկ՝ մեկական ճաշի գդալ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21.10.2016