Հարցին, թե ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օ՞րն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվում, թե ոչ, եւ Սերժ Սարգսյանից բացի արդյոք կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է եւ կարծում եմ երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հարցերին պատասխանել է մոտ մեկ ժամ առաջ ավարտված Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի (ԳՄ) նիստից հետո, որտեղ քննարկվել է նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարի, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի արդյունքներին առնչվող հարցեր:
ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Այնտեղ ներառված են ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:
Պարոն Շարմազանովի խոսքերով, կուսակցության նախագահը մշտապես ընտրվել է համագումարի օրերին:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդեն հրավիրվել են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները եւս»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ