Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը:
Հոկտեմբերի 21-ին Բաբաջանյան համերգասրահում հավաքվել էին ՀՀ մարզերի և ԼՂՀ-ից ժամանած դպրոցականները: «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի նպատակն է ծանոթացնել նրանց ազգային նվագարանների հետ: «Նրանցից շատերը այս նվագարանները բնականից չեն էլ տեսել»,-նշում է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը:
Նա բացատրեց ներկաներին ազգային նվագարանների առանձնահատկությունները, որոնք առավել ընկալելի դարձան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգի ընթացքում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը պարոն Դավթյանն էր. «Յուրաքանչյուր նվագարան իր դերն ու նշանակությունն ունի: Օրինակ՝ քանոնահարները կարող են և’ մեղեդային գիծը պահել, և’ նվագակցող դեր ունենալ: Դուդուկը միաձուլում է մյուս նվագարանների մեղեդային գծերը»: Եվ այսպես թե’ սկզբում, թե’ համերգի ընթացքում դիրիժորը և երաժիշտները ներկայացնում էին գործիքներից յուրաքանչյուրի ծագումն ու առանձնահատկությունները նախքան հերթական ստեղծագործության կատարումը:
Այս դաս-համերգի շրջանակներում բացի գործիքային երաժշտությունից նաև երգեր հնչեցին Վարդան Բադալյանի, Մոնիկա Նազարյանի և Մավր Մկրտչյանի կատարմամբ:
Ամենամեծ ոգևորությունը եղավ, երբ հայկական ազգային նվագարաններով երաժիշտները կատարեցին գերմանացի կոմպոզիտոր Բրամսի «Հունգարական պարը», որը բուռն ծափահարությունների արժանացավ:
«Չեմ էլ ուզում ասել, թե ինչ կարևոր ծրագիր է սա: Երեխաների խանդավառությունը մեզ համար ամենամեծ խթանն է շարունակելու և հավատալու, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և այս նվագարանները երկար կյանք ունեն: Երբ մոտիկից տեսնում են այս գործիքները, գտնվում այսպիսի միջավայրում, նրանց մեջ սեր է ծնվում դեպի ազգային նվագարանները: Գուցե ցանկություն առաջանա երաժիշտ դառնալու, եթե չդառնան էլ, ազգայինը պահելը արդեն իսկ մեծ առաքելություն է»,-եզրափակեց Նորայր Դավթյանը:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ