Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և վերահաստատել հրավերը Հերբերտ Զալբերին՝ նրա մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների վերսկսման համար պայմանների ձևավորմանը, մասնավորապես, ընդգծել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ