«Իսկանդերները Ադրբեջանին վախենալու ու մտորելու տեղիք պետք է տան: Իսկանդերի հասցրած ավերածությունների մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնեմ օրինակ. 152 մմ տրամաչափով հրանոթից արձակված մեկ արկը կշռում է 54 կգ, որով հնարավոր է ավերել մի ամբողջ ինժեներական կառույց»,- մեր հարցին, թե հնարավոր լայնամասշտաբ գործողություններ սկսելու դեպքում Իսկանդերները Ադրբեջանի համար զսպող հանգամանք կդառնա՞ն, պատասխանեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը:
Նրա խոսքով, «Իսկանդերը» գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ:
ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն էլ շարունակեց, թե ՌԴ-ն որեւէ տեխնիկական միջոց չունի զենքերի կիրառումը սահմանափակելու համար. «Պայմանավորվածության համաձայն չունենք սահմանափակումներ կիրառելու համար»:
Հաջորդ հարցին՝ ինչքանով է հավանական Իսկանդերների երբեւէ կիրառումը, օրինակ` հայտնի է՝ փոքր մարտերի ընթացքում դրանց կիրառումը հնարավոր չէ, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Այդ զենքը հնարավորություն է տալիս նույնիսկ փոքր գործողությունների ժամանակ կիրառել, եթե դրա անհրաժեշտությունը կա: Կետային հարված հասցնելը հնարավորություն է տալիս խուսափել մեծ զոհերից»:
«Երկաթե գմբեթը Իսկանդերին հակակշիռ չի կարող լինել, ուր մնաց խոցի»,- վստահեցրին փորձագետները:
«Իսկանդերն ունենալով խոցման մեծ արագություն՝ գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ: Երկաթե գմբեթը հիմնականում նախատեսված է արաբական կողմից ինքնաշեն տարբեր տեսակի հրթիռներից պաշտպանվելու համար: Իսկանդերը իր թռիչքի ընթացքում հետագիծը փոխում է ու հնարավոր չէ կռահել՝ որտեղ կարող է ընկնել, բացի հարձակվողից որը ծրագրավորել է: Երկաթե գմբեթը, երևի, արդյունավետ միջոց է, բայց ոչ լայնամասշտաբ գործողությունների համար, նրա շառավիղը հիմնականում 70 կմ է, Իսրայելն իր համար է ստեղծել, իրեն ձեռք է տալիս»,- հավելեց պարոն Յաղմուրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ