Հոկտեմբերի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ:
ԱԳ նախարար Կոձիասը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելությունում, ընդգծեց, որ Հայաստանը Հունաստանի բարեկամ երկիրն է, որի հետ փոխշահավետ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում բոլոր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:
Կարդացեք նաև
Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում ստեղծված իրադրության համատեքստում զրուցակիցները կարևորեցին խաղաղ հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:
ԱԳ նախարարի խնդրանքով ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման, ինչպես նաև խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
ՀՀ ԱԳՆ