ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։
«Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացն անցկացրել են «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։ Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին. «Շնորհավորում եմ բոլորիդ, որովհետև դուք մեր գիտափորձի առաջին մասնակիցներն եք: Պետք է փորձենք էլեկտրոնային դասավանդման այս ձևաչափը հնարավորինս կիրառելի դարձնել և գործընթացում ներառել հատկապես փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցները: Մեր լավագույն դպրոցներից մեկը՝ «Այբը», այսօր սիրահոժար տրամադրել է իր հնարավորությունները, իսկ «Ռոստելեկոմ» ընկերությունն օգնել է այս գործընթացի կազմակերպմանը որակյալ կապի ապահովման հարցերում: Սիրելի աշակերտներ, մենք ձեր օգնության կարիքն ունենք. ակտիվ եղեք և առաջարկներ ներկայացրեք՝ ինչպես կցանկանաք, որ այս դասընթացները կազմակերպվեն, ինչ խնդիրներ եք տեսնում, ձեզ հետաքրքրող թեմաներն ուղարկեք, որպեսզի սկսենք աստիճանաբար սա դարձնել մեր կյանքի մի մասը: Այն, ինչ հասու է մեծ քաղաքների դպրոցներում, պետք է անպայման ունենան նաև գյուղական դպրոցների աշակերտները, որպեսզի նաև տեխնիկական միջոցների շնորհիվ մեծացնենք նրանց գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակը: Այս իմաստով էլեկտրոնային կրթությունն այլընտրանք չունի»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կմշակվի էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու ամբողջական մեթոդը:
Դասի ընթացքում իրականացվել են նաև փորձ-ցուցադրություններ, իսկ երեխաների առավելագույն ներգրավվածությունն ապահովվել է հարցերի ու քննարկումների միջոցով։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում արդեն հստակ ամրագրվել են գյուղական դպրոցների հետ աշխատանքի ինտեսիվացման հիմնախնդիրները. «Դա նախ փոքրաքանակ աշակերտություն ունեցող դպրոցներ էլեկտրոնային կրթության տարրերի մուտքն է: Բացի այդ, կա նաև վարչապետի հանձարարական հասկանալու՝ արդյոք մեր ունեցած բազան ունակ է էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու: Այսօր առավել ամուր կապի տեսքով փորձեցինք դա անել և ամեն շաբաթ կրկնվող գործընթացով կփորձենք հասկանալ՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Ներկայումս կա դրա լուծման երկու եղանակ. առաջին՝ ապահովել միակողմանի հաղորդակցություն, երբ տեղադրվում է համապատասխան նյութը և ուսուցիչների վերապատրաստման միջոցով այն իրականացվում: Եվ երկրորդ, որն առավել ցանկալի է, ուղիղ կապով դասեր անցկացնել՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Այս դեպքում ուղղակի տեխնիկական վերազինման կարիք կա»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ մի քանի անգամ էլ կկրկնվեն նման փորձերը, որից հետո միայն հասկանալի կլինի ամբողջական ձևաչափը: «Մենք պետք է ԿՏԱԿ-ի բազայի վրա իրականացնենք այս գործընթացները` օգտագործելով մասնավոր հատվածի և կրթության հարցերով հետաքրքրվող բոլոր ուժերին. ձևավորենք ազատ մտածողության դաշտ, դա միանշանակ է»,-ընդգծել է նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն