Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար չկան ֆավորիտներ». Գեղամ Սարգսյանի պարզաբանումը` ՀՎԿ-ի հաղորդագրության առիթով

Հոկտեմբեր 21,2016 17:09

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը` ՀՎԿ-ն, հոկտեմբերի 19-ին հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ Քաղաքական դպրոց են պատրաստվում հիմնել:

Հաղորդագրությունում նախ նշվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, ինչը կամփոփվի այս տարվա նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ, որը, կուսակցության հաղորդագրության համաձայն, «հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ»:

Այնուհետեւ հաղորդագրությունում ասվում է. «ՀՎԿ-ն վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում…»:

Թե ինչո՞ւ է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել նույն հաղորդագրությունում իրենց կողմից Քաղաքական դպրոց հիմնելու մասին տեղեկատվությունը կապել ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրերի եւ դրանցում իրենց կուսակցության մասնակցության հետ, անհասկանալի է: Հաղորդագրությունն այնպես է կազմվել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ՀՎԿ-ի կողմից Քաղաքական դպրոցի հիմնումը եւս տեղի է ունենալու արեւմտյան կազմակերպությունների աջակցությամբ:

Երկու օր է ՀՎԿ-ի վերոնշյալ հաղորդագրությունը հիմք ընդունելով` սոցցանցերում ծավալվում են տարաբնույթ մեկնաբանություններ, անգամ մամուլում հոդվածներ են ի հայտ եկել եւ Արթուր Բաղդասարյանին արդեն` «ԱՄՆ-ի գիրկն» են ուղարկում:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում ԱԺԻ ծրագրերի քաղաքական եւ քաղաքացիական հարցերով խորհրդատու Գեղամ Սարգսյանն անդրադառնալով ՀՎԿ-ի նշյալ հաղորդագրությանն ու արեւմտյան կազմակերպությունների հետ կապի մասին բուռն քննարկումներին` նախ նշեց. «NDI-ը 1995 թվականից Հայաստանում աշխատել է, մենք մեր բոլոր ծրագրերում հավասարակշռություն ենք պահպանել, այսինքն` աշխատել ենք բոլոր կուսակցությունների հետ` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական: Մեզ համար չկան ֆավորիտներ քաղաքական դաշտում: Զարմանալի կլիներ, որ NED-ի կամ NDI-ի նման հեղինակավոր կազմակերպությունները այստեղ քաղաքական դաշտում ինչ-որ ֆավորիտներ ունենային: Մեր դռները բաց են եղել բոլորի համար»:

Ինչ վերաբերվում է ՀՎԿ-ի տարածած նշյալ հաղորդագրությանը, ապա Գեղամ Սարգսյան նշեց, որ այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո քարտուղարից է պարզաբանում խնդրել, որը փորձել է բացատրել է, որ` նկատի չեն ունեցել այն բազմակուսակցական ծրագիրը, որն իրագործում է «Քաղաքացիական համաձայնություն» Հ/Կ-ն, այլ, պարզապես նկատի են ունեցել, որ այդ ծրագրերի մասնակիցները` հետո գնալու են Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրվելիք Քաղաքական դպրոց:

Գեղամ Սարգսյանը նույնպես զարմանք արտահայտեց «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղորդագրության կազմման հետ կապված, տեղեկացրեց, որ «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպությունը ընդհանրապես որեւէ կապ չունի ՀՎԿ-ի կողմից ստեղծվելիք Քաղաքական դպրոցի հետ եւ հավելեց. «Երկու պատճառ կարող եմ տեսնել` կամ այդ հաղորդագրության տեքստի հեղինակն իր մտքերը չի կարողանում հայերեն շարադրել, կամ երկրորդը` սա PR-ի նպատակով արված հայտարարություն է, երկուսից մեկն է, բայց երկուսն էլ չեմ բացառում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ «Քաղաքացիական համաձայնությունը» իրականացնում է ծրագիր, որը հովանավորում է NDI-ի եւ NED-ի կողմից, դա վերաբերում է քարոզարշավի կազմակերպմանը, որին մասնակցում են ԱԺ-ում խմբակցություններ ունեցող բոլոր կուսակցությունները, ինչպես նաեւ արտախորհրդարանական կուսակցությունները, այդ թվում եւ «Հայկական վերածնունդը»: Քաղաքական ուժերն ուղարկել են իրենց քարոզիչներին, որոնք իրենց նախընտրական շտաբերում են աշխատելու, ամեն կուսակցությունից 4-5 մարդ: Ես ապշած եմ նման հաղորդագրությունից, սա աբսուրդի հասնող հայտարարություն է: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մեր հեղինակությանը ինչ վնաս կարող է հասցնել, եթե մենք փորձեն մեկ կուսակցության հետ աշխատել: Տարիների ընթացքում մենք վստահություն ենք ձեռքբերել, կուսակցությունները զգացել են, որ մենք անկողմնակալ ենք, որ փորձում ենք կրթել կուսակցականներին: Այո, համագործակցելու ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության այն չափով, ինչ չափով մյուս բոլոր կուսակցությունների հետ ենք համագործակցում»:

Գեղամ Սարգսյանը նաեւ նշեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո քարտուղարն, ամեն դեպքում, խոստացել է պարզաբանում տալ` թյուրընկալումների առիթ դարձած իրենց հայտարարության առնչությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31