Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում պատժել այլ անձի փոխարեն քվեարկելու սուտ հայտարարություն տվողներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 16:59

Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ԱԺ-ից պահանջում են անհապաղ շրջանառությունից հանել Կառավարության առաջարկած՝ ՀՀ քրեական օրենսգրքում որպես լրացում ներկայացված 1548 հոդվածը, որով նախատեսվում է. «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը նախատեսում է քրեական պատասխանատվություն»: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչն է մտահոգում իրավապաշտպաններին:

«Ենթադրենք, կուսակցությունը քաղաքացիներից հավաքում է հայտարարություններ, որ որոշ անձինք բացակայում են հանրապետությունից, եւ պահանջում, որ այդ անձանց անվան դիմաց դրված ստորագրությունները համարվեն «այլ անձի փոխարեն կատարված քվեարկություններ»,-որպես օրինակ վկայակոչեց Տիգրան Եգորյանը, ապա նշեց՝ կառավարությունը պահանջեց երաշխիքներ, որ նմանօրինակ դեպքերում անհիմն հայտարարություններ չներկայացվեն եւ ստիպված չլինեն, ասենք, երկու միլիոն քաղաքացու՝ ՀՀ-ում գտնվելը ստուգել, այդ պատճառով էլ որոշեցին քրեական պատասխանատվություն սահմանել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար: Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, կառավարությունն այս կերպ այլ խնդիր է լուծում:

«Չգիտեմ՝ էլ ի՞նչ որակում տամ: Անընդունելի խորամանկությունը հասավ այն գագաթնակետին, որ այդ արարքը պատժելի դարձվեց անգամ անփութությամբ կատարելու դեպքում: Այ սա արդեն անցնում է բոլոր սահմանները, որովհետեւ սուտ հայտարարություն ինքնին չի կարող արվել: Սա հակասում է քրեական իրավունքի տեսությանը: Սուտ խոսելու, սուտ տեղեկություն հայտնելու համար գիտակցական ակտ պետք է կատարվի: Այս առումով նշյալ հոդվածը հակասում է Սահմանադրությանը: Որեւէ մեկը չի կարող բացահայտել՝ ինչպե՞ս պետք է կանոնակարգի իր վարքագիծը, որ չենթարկվի քրեական պատասխանատվության՝ իրեն հայտնի տեղեկությունները հրապարակելու համար: Սա չափազանց մեծ անորոշություն է, որը կիրառվելու է որպես «մահակ»՝ անձանց ահաբեկման մեջ պահելու նպատակով, որպեսզի ոչ մեկ չհամարձակվի ներկայացնի այլ անձանց փոխարեն քվեարկելու հայտարարություններ»,-նկատեց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք՝ իրավապաշտպանների հայտարարության մեջ ասվում է. «Նշյալ հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլև քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում խախտման վերաբերյալ ահազանգած անձանց նկատմամբ: Այս օրենսդրական նախաձեռնությունը դիտորդների ինստիտուտի վերացման, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության ու դրանում լրատվամիջոցների դերի խիստ սահմանափակման իրական վտանգներ է պարունակում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31