Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մտքեր փոխանակելու զանգվածային բնաջնջման զենքերի, սպառազինությունների փոխադրման համակարգերի և սովորական սպառազինությունների հոսքի նկատմամբ վերահսկողության իրականացման լավագույն փորձի վերաբերյալ:
Աշխատաժողովի ընթացքում, որի կազմակերպիչը ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագիրն էր, երկու երկրների քաղաքականություն մշակողները և տեխնիկական փորձագետները ներկայացրեցին այն մեթոդները, որոնք ներկայումս կիրառում են երկակի նշանակության, այսինքն՝ թե՛ զենքերի պատրաստման, թե՛ խաղաղ նպատակներով օգտագործվող ապրանքների հետ կապված վերջին կանոնակարգերի, ընթացակարգերի ու արտահանման պահանջների մասին արտահանող ընկերություններին տեղեկացնելու համար: Հայ և վրացի պաշտոնյաները նաև ծանոթացան այն նոր ուղիներին, որոնք կանխում են երկակի նշանակության ապրանքների փոխանցումը զենքերի տարածման մեջ ներգրաված երկրներին ու ահաբեկիչներին:
Հայաստանի և Վրաստանի պատկան գերատեսչությունների, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ու երկու երկրների հասարակական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ քննության առան իրենց առաջ ծառացած մարտահրավերներն ու այն մոտեցումները, որ կիրառել են իրենց նպատակներին հասնելու համար: Նաև քննարկվեց այն կարևոր դերակատարումը, որ կարող են ստանձնել հասարակական կազմակերպությունները արտահանման վերահսկողության հարցերի շուրջ տնտեսավարողներին ու պետական կառավարման մարմիններին իրազեկելու հարցում: «Այն, որ երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ միասին քննարկում են, թե ինչպես կարող են արտահանող ընկերությունների հետ կապ ապահովել, թույլ է տալիս, որ հարևան երկրները միմյանց հետ կիսեն իրենց լավագույն փորձը: Սա նաև հարևան երկրի գործընկեր կառույցների հետ կապեր հաստատելու հնարավորություն է, ինչն օգնում է ամրապնդել հայ-վրացական կապերը: Աշխատաժողովը հիմք կհանդիսանա արտահանման վերահսկողության արդիական հարցերի շուրջ հետագա քննարկումների համար», – ասաց Արագոն Ազգային լաբորատորիայի քաղաքագիտական հարցերով գլխավոր վերլուծաբան Էշլի Ֆուլենվիդերը:
EXBS ծրագրի շրջանակում տարածաշրջանային ու բազմակողմ մոտեցումների միջոցով օժանդակություն է ցուցաբերվում արտահանման վերահսկողության ազգային համակարգերը միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցման և տարբեր երկրների միջև տեղեկատվության փոխանակման հացերում: ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող այս ծրագիրը գործում է ավելի քան 65 երկրներում և նպատակ ունի իրավակարգավորիչ խորհրդատվության, լիցենզավորող պաշտոնյաների ուսուցումների, բացահայտող սարքավորումների ապահովման և արտադրողների ու կառավարության միջև կապի ապահովմամբ հզորացնել տվյալ երկրի արտահանման վերահսկողության համակարգը: Արտահանման վերահսկողության ավելի լավ համակարգերն օգնում են զանգվածային բնաջնջման զենքերի, դրանց փոխադրման համակարգերի, սովորական սպառազինությունների և հարակից նյութերի տարածման դեմ պայքարում:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն