ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի բացառում, որ 2017-ի ապրիլին կայանալիք ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ավետիսյանը նշեց, որ ՀՀ կառավարության ծրագիրը նորություն չէ, այլ նախորդի շարունակությունն է: ՀՀԿ-ականը հավաստիացրեց, որ այս ծրագրում կան կարևոր հիմնախնդիրներ, օրինակ` քաղաքացու արժանապատվությանը, տնտեսական, ներդրումային քաղաքականությանը վերաբերող. «Կան դրույթներ, որոնք խորքային են և միտված ապագային, ու դրանց իրականացման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Կան նաև կետեր, որոնց համար երկու-երեք ամիսն էլ է բավական: Սա մի ծրագիր է, որի կողքին բոլորս պիտի կանգնենք»:
Սուքիաս Ավետիսյանը չբացառեց, որ 2017-ի ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն կազմի, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել:
Հարցին` այդ դեպքում ո՞ւր պետք է գնա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ լուրեր են տարածվում, թե ընտրություններից հետո նա կզբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը տեղ չգտնի՞, ի՞նչ է եղել, այ քեզ բան: Այս մարդն այնքան տարիներ աշխատել է այս պետության համար, այդքան վաստակ ունի, ինչո՞ւ եք մտածում, որ ոչ մի տեղ չի գնա: Ո՞վ է ասել, որ ոչ մի տեղ չի գնա»:
Կարդացեք նաև
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, թե կառավարության ծրագրից երևում է, որ իշխանությունն ինքն էլ եկել է այն եզրակացության, որ պետք է ճակատային ճեղքում իրականացնել և տնտեսությունը հանել այս իրավիճակից: Սակայն տնտեսագետի համար զարմանալի է այն, թե կառավարության գործունեության վերաբերյալ ինչու է անընդհատ նշվում վեց ամիսը. «Հասկանալի է, որ ամեն ընտրություն ենթադրում է նոր կառավարության ձևավորում, բայց ինձ թվում է, երկրի զարգացման ծրագիրը չի կարող փոփոխվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ