Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Բաղմանյանից տուժածը վարչապետից է հետ ուզում հողերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 16:22

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունն է հրավիրում իրենից բիզնեսը խլած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի ապօրինությունների վրա:

Այս մասին Թաթուլ Բաղդասարյանն ասաց «Հայացք» ակումբում:

Չնայած Բաղդասարյանը մոտ մեկ ամիս առաջ էլ այս խնդրի մասին  լրատվամիջոցների հետ զրույցում ահազանգել էր, սակայն, իր պնդմամբ՝ մինչ օրս որեւէ արձագանք պետական կառույցների կողմից չի եղել: Բաղդասարյանի վստահեցմամբ՝ Հայկազ Բաղմանյանի «ձեռքերն ամենուր հասնում են» եւ հիմա խնդրի լուծման միակ հույսը վարչապետն է:

Պարոն Բաղդասարյանի վստահեցմամբ՝ եթե առաջիկայում էլ արհամարհվի իր խնդիրը, ինքը կտրուկ քայլերի է դիմելու. «Տարիներ շարունակ չարչարվում եմ, ոչ մի արդյունքի չեմ հասնում: Հայկական բանակի գեներալ Հայկազ Բաղմանյանը ոտնահարելով բոլոր օրենքները, արհամարհելով բոլոր օրենք գրողներին, չգիտեմ ուր է գնալու: Ստիպված եմ այլ միջոցների դիմել, օտարերկրյա լրատվամիջոցներին դիմել եւ հայտարարել՝ ռուսական «Գազպրոմը» Հայաստանում ներկայացուցիչների միջոցով, «Տրանս գազ» ՍՊԸ-ի ղեկավար Գաբրիելյան Կոլյայի միջոցով խլում է մեր ընկերության տարածքը եւ բիզնեսը նվիրում է գեներալ Հայկազ Բաղմանյանին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թաթուլ Բաղդասարյանի պատմելով՝ դեռ 2007 թվականին դիմել է Հայկազ Բաղմանյանին, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում միասին գազալցակայան կառուցեն։ Պարոն Բաղմանյանը համաձայնել է, պայմանով՝ շահույթի 70%-ն իրեն, իսկ 30-ը՝ Թաթուլ Բաղդասարյանին: Առաջարկին համաձայնվելով՝ հիմնվել է գազալցակայանը, որտեղ Թաթուլ Բաղդասարյանը ֆինանսական ներդրում չի կատարել, միայն գույք է ներդրել: Երբ գազալցակայանը սկսել է աշխատել, 3 ամիս հետո Բաղդասարյանը Հայկազ Բաղմանյանից պահանջել է եկամտի իր շահաբաժինը, ինչին ի պատասխան՝ պարոն Բաղմանյանը նրան վստահեցրել է՝ թե վարկ եմ վերցրել, մի քիչ էլ համբերի եւ այլն: Հետո գեներալը դիմել է դատարան, որպեսզի Թաթուլ Բաղդասարյանին պատկանող հողատարածքն 99 տարով օգտագործման պահանջով իրենով անի, սակայն երբ դատարանը հօգուտ Թաթուլ Բաղդասարյանի է որոշում կայացրել, արդեն Մարտունու ավագանին որոշում է կայացրել, իբր թե այդ հողատարածքը համայնքային սեփականություն է:

Մանրամասն՝ տեսանյութում

Թաթուլ Բաղդասարյանի վստահեցմամբ՝ «Գեներալը «սիգնալ է» ուղարկել, թե բա՝ երբ որ «վլաստ» կունենաս, էն վախտ էլ գազալցակայան կունենաս»: Իսկ գազալցակայանը, ինչպես վստահեցնում է Բաղդասարյանը, շահագործվել է ապօրինություններով, առանց համապատասխան փաստաթղթերի գազ եւ էլեկտրաէներգիա է մատակարարվել. «Հայկազը բռնազավթեց ոչ միայն հողատարածքը, այլեւ ընկերությունը՝ այդ ենթակայանը, ոնց որ զորամաս, եւ մինչեւ 2011 թվի 7-րդ ամիսը իմ անունով կեղծել են բոլոր անդորրագրերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Մարտունու ավագանու որոշումը բողոքարկել է, իրավապահ մարմինները գործը կարճել են, ըստ Թաթուլ Բաղդասարյանի, քննիչն ու դատախազը բազմաթիվ կեղծիքներ եւ խախտումներ են արել, ուստի ինքը դիմել է դատարան դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու որոշումների դեմ. «Ամեն ինչ անելու եմ, վարչապետը պետք է հետ վերադարձնի իմ հողերը»:

Երեկ դատարանը որոշեց հետաձգել նիստը, հաջորդ նիստի օր է նշանակվել նոյեմբերի 14-ը:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ բիզնես սկսելու համար դիմել է հենց Հայկազ Բաղմանյանին, ճանաչե՞լ է նրան, թե՞ գեներալի հովանավորչությունն է պետք եղել, պարոն Բաղդասարյանն ասաց՝ «Ես ընդամենը իրա «չիներն» եմ բերել, ոչ թե իրա անձին, որ առանց «տանիքի» որեւէ մեկը չի կարողացել բիզնես դնի: Այսօր էլ ուզենամ գործարանը «խոդ» տամ, ներդրող բերեմ, ինձ տեղ չեն տա, գազալցակայանը բերել դրվել է անմիջապես սրտում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թաթուլ Բաղդասարյանը խոստացավ առաջիկայում մի պաշտոնյայի անուն հնչեցնել, որի մատը եւս խառն է այս գործում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31