Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր «Սասնա ծռերի» գործի շրջանակում զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Սադոյանի եւ Ռաֆայել Կարագյոզյանի գործը: Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող Պետրոսյանը չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 24-ին: Նշենք, որ գործում առկա է մոտ 80 տուժող:
Արեգ Սադոյանի հայրը՝ Արշակ Սադոյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործում որեւէ ապացույց չկա. «Մեկ րոպե, մեկ վայրկյան տեւողությամբ տեսագրության մեջ որեւիցե հստակ կադր չկա, որի մեջ նույնիսկ դեմքը կերեւա: Ընդամենը խանութներում ազատ վաճառվող գլխարկի եւ շապիկի նմանությամբ ուզում են մեղադրական գործ սարքեն, 3-8 տարի դատապարտեն մարդուն, առավել եւս, երբ այդ տեսանյութում այն անձը, որին նմանեցնում են տղայիս, որեւիցե լուրջ հանցագործություն չի կատարել: Տեսանյութի ամեն մի վայրկյանը ես հատուկ զննել եմ եւ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ պարզ երեւում է, որ այդ անձնավորությանը ուղղակի հրել են դեպի առաջ, նույնիսկ առաջին շարք չի հասել: Նա փորձել է ամեն կերպ հեռանալ, բայց չի ստացվել: Ավելին, տեսանյութում հստակ երեւում է, թե նա ինչպես է փորձում հետ գնալ, դուրս գալ այդ հրմշտոցից: Իսկ քննիչը գրում է, որ նա փորձում էր առաջ գալ: Իմ կարծիքով՝ ամբողջությամբ հնարովի բան է եւ հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իմ պատճառով տղայիս են պատժում»:
Կարդացեք նաև
Արշակ Սադոյանը հավելեց, որ իր կարծիքով՝ իր անզգույշ արտահայտած խոսքերի պատճառով քաղաքական հետապնդում է իրականացվում իր որդու նկատմամբ. «Հորը չեն կարողանում պատժել, պատժում են տղային: Ես այսօր որեւէ անուն չեմ ասի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Երևի պետք չէ այդպես խիստ դատապարտել մեր երիտասարդներին, քանի որ ներկայիս սերունդը և լավն է, և գեղեցիկ ու հայրենասեր: Բայց այս դեպքում դա կյապ չունի ծնողի հետ, քանի որ այս ծնողը միշտ, ու հիմնականում քողարկված, պաշտպանել է գործող իշխանությանը: Ինքը և իր նմանները բավականին տաքուկ տեղեր են ստացել հանրային խորհուրդում, արտաքին գործերի նախարարությունում…Դուք դրանց լավ գիտեք, քանի որ նրանք անդեմ ու շահամոլ մարդիկ են…