Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյանը ծիծաղեց Գագա Ամատունու ասածների վրա. «Հեքիաթներ է պատմում»

Հոկտեմբեր 21,2016 15:16

Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր. «Բոլորի մոտ կարծրատիպ կա, որ Երեւանը վարդագույն քաղաք է, սակայն այդ վարդագույն քաղաքն արդեն չկա: Հիմա պետք է գտնել, թե որն է իրականում մեր քաղաքի սիմվոլիկան»:

Գագա Ամատունի

Գագա Ամատունի

Երեւանի գլխավոր դիզայները նաեւ ասել էր, որ թիմ է հավաքվել, որ աշխատում է Երեւանի բրենդը ստեղծելու ուղղությամբ, եւ մտածում են, որ Երեւանը պետք է ունենա իր ծաղիկը, իր բույրը, որպեսզի զբոսաշրջիկները Երեւանում քայլելիս զգան այդ հոտը:

Ճանաչված ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Երեւանի գլխավոր դիզայների առաջարկած գաղափարի առիթով:

Ինչ վերաբերում է Երեւանը խորհրդանշող ծաղիկ հորինելուն, ճարտարապետը ծիծաղեց՝ ասելով. «Լա՛վ էլի, հեքիաթներ է պատմում, լուրջ մի վերաբերվեք »:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է շենք-շինությունների պահպանության վերաբերյալ օրենք ընդունել, որ ում մտքով, երբ անցնի, փոփոխություններ չանի: «Երեւանը բոլորիս է մտահոգում, բայց դրա համար օրենք է պետք, օրենք եւ պատիժ՝ խախտողին, շենքը ներկելու, օրենք պատշգամբը քանդելու մասին, շուշաբանդ սարքելու, կոնդիցիոներ դնելու մասին: Օրինակ, տեսե՞լ եք, թե կառավարության շենքի պատուհաններից ինչքան կոնդիցիոներներ են տնկված, արդյոք դա էսթետիկա՞ է… Երեւանում՝ ով ուզի, պատուհանը կփոխի, մեկը սպիտակ կդնի, մեկը շագանակագույն, երրորդը՝ եվրո, իսկ արտասահմանում նման կարգ չկա, դու շենքի ներսում կարող ես ինչ-որ բան անել, իսկ դրսում՝ եթե արեցիր, խստորեն կպատժվես»,-հայտնեց մեր զրուցակիցը:

«Նման պարագայում, երբ մեկը ձայն է բարձրացնում, ասում են՝ իրավունքները սահմանափակում ես, ցանկացած մարդ ազատ է, իսկ դուք ձեր առաջարկություններով խանգարում եք մարդու ազատությանը: Բայց ո՞ւմ ազատությունն է ավելի շատ խախտվում՝ ի՞մ, որ նայելու եմ աղավաղված շենքերին, թե՞ նրա, որ փչացնում է: Սա թեմա է, որ վաղուց պետք է շոշափվեր, մինչդեռ չեմ տեսնում, թե դրա ցանկությունը կա մասնագիտական շրջանակներում»:

Հավելենք, որ ժամանակին քաղաքի գլխավոր դիզայների մտահղացմամբ ներկվել էին Երևանի մի շարք շենքերի ճակատները, այդ թվում՝ առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կառուցած շենքը, որն ի սկզբանե նախագծված եւ իրականացված էր սպիտակ սվաղով: Ավելի վաղ այլ արվեստագետներ էլ էին դժգոհել այդ նախաձեռնությունից՝ պահանջելով ոչ թե զարդարված, այլ մաքուր քաղաք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մենք՝կեսօրից հետո ազատատենչներս,ազատությունը հասկանում ենք ամենաթողություն,իսկ ազատ կոչվող երկրներում՝Եվրոպայում ԱՄՆ-ում,ազատությունը սահմանափակվում է վանդակաճաղերով՝օրենքներով՝դու կարող ես քեզ ազատ զգալ նախանշված սահմաններում:
    ԻՆչպես ամեն ինչը,ազատությունը նույնպես պատկերացնում ենք գռեհիկ կերպով…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31