Սարի թաղի բնակիչները գրություններ էին ստացել, որտեղ նշվում էր, որ ամբաստանյալների մեղադրանքը մեղմելու իրենց պահանջը ուղարկվել է քննության: Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ բանավոր զրույցի ժամանակ ինչ են ասել, փափուկ բարձ են դրել, ինչ են արել, այդ գրությունները կարդալուց հետեւյալն է հասկացվում. որ ձեր կողմից նախագահին, վարչապետին ուղարկված դիմումները ուղարկել են դատարան, դատարանում այդ հարցերը քննարկելու համար: Բնականաբար, բոլոր հարցերը պետք է դատարան ուղարկեին»:
Անդրադառնալով Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցին, փաստաբանն ասաց, որ դեռեւս նախորդ դատական նիստից հետո դատարանի գրասենյակը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը քննարկի այդ հարցը, քանի որ իր պաշտպանյալը կալանքի տակ ապօրինի է գտնվում՝ առանց հիմքերի, առանց դատարանի որոշման. «Խափանման միջոցն ընտրվել է, որի ժամկետը լրացել է եւ չի երկարացվել: Հիմա դատարանը մեխանիկորեն գործը դատաքննության նշանակելու որոշմամբ թողել է անփոփոխ: Եվրոպական դատարանը նշում է, որ նման բան չպիտի լինի, անձի համար պետք է հստակ սահմանված լինեն, թե ինչ ժամկետով ինչ խափանման միջոց է նշանակվում»: Հարցին, թե նույնը վերաբերո՞ւմ է Էդուարդ Զեյթունյանի մասով գրությանը, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց, որ գրության մեջ նշված է, որ քննարկման է ուղարկվում Լալա Բեռնեցյանի (Էդուարդ Զեյթունյանի կինը) կողմից Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցը փոխելու մասին դիմում. «Սահմանադրությամբ որեւէ մարմին իրավասու չէ միջամտելու դատարանի գործունեությանը: Ցանկացած մարմին, որը դիմում է ստանում գործը դատարանում գտնվելու ժամանակ, պարտավոր է ուղարկել դատարան: Դա ստանդարտ գրություն է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք խնդրահարույց է այն հանգամանքը, որ Էդուարդ Զեյթունյանի գործով վկա է ներգրավվել նաեւ նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը: Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցերին ցանկանում է անդրադառնալ դատարանում, ինքը չի ցանկանում դատարանում իր պատրաստած ելույթը նախօրոք հրապարակել, այդպիսով տեղյակ պահելով մեղադրող կողմին եւ դատարանին:
Լիպարիտ Սիմոնյանը անդրադարձավ նաեւ Էդուարդ Զեյթունյանի մեղադրանքին, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. «Այս գործով ամենամեծ խնդիրն այն է, որ որեւէ մեկի գործողությունը նկարագրված չէ: Համենայնդեպս, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հստակ եւ պարզ չէ, էությունը հասկանալի չէ ոչ միայն մեղադրյալի համար, այլեւ պաշտպանների համար: Պարզ չէ, թե կոնկրետ ինչ գործողության համար է մեղադրվում՝ ում է վնասել եւ ինչպես»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ