Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը «գրիժա ստանալու» հավանականություն է տեսնում. Կառավարության ծրագիրն ընդունվեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 14:25

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն պատգամավորները՝ բաց են իրենք քննադատության, առաջարկությունների համար:

Նա նախ անդրադարձավ ՕԵԿ-ի քննադատություններին. «Ասում են՝ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար: Բոլորը գրել են, չգրե՞նք: Մյուսն ասում է, որ շատ են լոլոները՝ աջակցել, բանակցել եւ այլն: Բայց բաներ կան, որ մեզանից իրականում պահանջում են վերլուծել, աջակցել նվազեցմանը, խոչընդոտներին: Հայտարարեցիք, որ ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որ օֆշորներից փողերը կվերադարձնեինք: Հարց՝ եթե գրեինք՝ կվերադարձնեի՞ն, կամ գրեինք՝ կո՞ղմ կքվեարկեիք: Ախտորոշման հետ կապված ճիշտ եք ասում, մենք ախտորոշում պետք է անենք: Այն ախտորոշումը, որ պետք է անենք, 20 օրը դրան բավարար չէ: Ասում եք՝ թվեր չեք գրել: Ելնելով դրանից՝ եթե ախտորոշում չենք արել, բազիսային թվերը չգիտենք, մնացած թվերին կհավատա՞նք, թե՞ չէ»:

Կարեն Կարապետյանը հիշատակեց այն քննադատությունները, որ թվեր չկան, թիրախներ չեն դրել: Նա ասաց, որ կառավարութան ծրագրում թվեր չեն դնում, դա մոտեցման հարց է. «ՀԱԿ-ն ասում է՝ 6 ամսով եք ծրագիր ներկայացրել: Մի քիչ ավել ներկայացնեինք՝ կքննադատեին, թե բա՝ դուք ի՞նչ գիտեք, ընտրություններից հետո կլինե՞ք, ինչի՞ եք ավել ներկայացրել»:

Վարչապետը ԲՀԿ կուսակցության անունը տալիս շփոթվեց՝ անվանելով այն «Բարգավաճ հանրապետական» կուսակցություն, ինչը ԱԺ դահլիճում ծիծաղ առաջացրեց: Վարչապետը ներողություն խնդրեց՝ վստահեցնելով՝ «հաստատ դիտավորյալ չէր»: Նա նշեց, որ չի հասկացել, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել չքվեարկել:

Ըստ նրա, մեջբերեցին տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները, ասեցին, որ դրա ախտորոշումը բավականին բարդ է, միեւնույն ժամանակ ասեցին՝ ախտորոշում չարեցիք. «Ասում են՝ ծրագիրը երեւի լավն է, բայց չկա հայտարարություն ՝պատրաստակա՞մ եք ծրագրին տեր կանգնել: Այդ պատրաստակամությունն ինչպե՞ս պետք է ծրագրում ձեւակերպեինք, հուշեք՝ ձեւակերպենք: Դժվար թե ծրագիր բերեինք, հետո ասեինք ՝ծրագիր ենք գրել, բայց պատրաստակամ չենք իրագործելու»:

Վարչապետը ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին շնորհակալություն հայտնեց՝ աջակցության համար եւ վստահեցրեց. «Ուզում եմ հավաստիացնեմ, որ իրոք գնահատում ենք այն բեռը՝ ծանրաձողը, որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ ժողովրդական լեզվով ասած գրիժա կստանանք՝ կա: Կստանանք՝ ժամանակը ցույց կտա: Եվ եթե միասնական լինենք, փորձենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ամեն մեկս ակտիվ պահենք, կարծում եմ, հաջողություն կունենանք»:

Մինչ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը կդրվեր քվեարկության, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի նշանակմամբ ինչ-որ հույսեր արթնացել են, նշանակված նախարարների պարկեշտությանը կասկած չունեն, բայց չեն կարող աջակցել, մինչեւ չտեսնեն ռեալ քայլեր: Ուստի նա հայտարարեց, որ ձեռնպահ կքվեարկի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ իրենք չեն կարող վստահություն հայտնել իշխող ուժի կողմից ներկայացված որեւէ կառավարությանը, որովհետեւ անցած տարիները հիմք չեն տալիս, ուստի որոշել են դեմ քվեարկել:

85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ քվեարկության արդյունքներով կառավարության ծրագիրն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31