Լրահոս
Օրվա լրահոսը

 «Տղամարդը պետք ա խիստ լինի, կինը՝ ենթարկվի»․ կարծրատիպային մոտեցումները ոչ միայն չեն նահանջում, այլև խորանում են

Հոկտեմբեր 21,2016 14:12

«Աղջիկը պիտի լինի աղջկա պես՝ խոնարհ, զիջող, նուրբ, կանացի, իսկ տղան՝ ուժեղ, ամուր, կայուն։ Օրինակ, որ աղջիկը դաս չի սովորում, ասում ենք, ասենք նա տղա ա, գնացել խաղացել ա, բա դու ինչով ես զբաղված եղել, որ դասդ չես սովորել»,֊երբ նմանատիպ մոտեցմամբ ուսուցիչներն ամեն պահի աղջիկներին ու տղաներին հիշեցնում են իրենց «ձևի» մասին, հօդս են ցնդում այն բոլոր միջազգային փաստաթղթերը, որոնք Հայաստանը ստորագրել ու պարտավորվել է ապահովել գենդերայնորեն զգայուն կրթություն, պետություն:

Թեև վերջին տարիների համաշխարհային կրթության քաղաքականության զարգացման միտումներում կարևորվում է գենդերային հավասարության խնդիրը` համարելով այն կայուն ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հասարակության ձևավորմանը նպաստող հանգամանք, ինչն էլ նաև հավանաբար հաշվի առնելով Հայաստանը պարտավորվել է իրականացնել գենդերային հավասարությանը նպաստող ծրագրեր, սակայն մեր երկրում դրական միտումների մասին խոսելը դեռևս վաղ է։

2006 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որի արդյունքում ներպետական մի շարք փաստաթղթեր ընդունվեցին, այդ թվում՝ ՀՀ Գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագիր (2011 թ․), Ընդդեմ գենդերային բռնության Ազգային ծրագիր (2011 թ․), Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենք։

Այս ամենն իրականացնելու գլխավոր գործիքը համարվում է կրթությունը՝ սկսած հանրակրթությունից։ Օրենքների դրույթներից է նաև կրթության պետական քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ներառումը և որպես պարտադիր բաղադրիչ` գենդերային կրթության ներդրումը կրթական համակարգի բոլոր մակարդակների ուսումնական ծրագրերում։ Մինչդեռ հատկանշական է, որ նույնիսկ Կրթության և գիտության նախարարությունում դեռևս զերծ են մնում նույնիսկ «գենդեր» եզրույթի կիրառումից։

Հայաստանյան կրթական համակարգն արտացոլում է ավանդական հասարակություններում իշխող մոտեցումները, իսկ գենդերային կարծրատիպերն այնքան խորը արմատներ ունեն, որ ներառվում են նույնիսկ դասագրքերում։

Ազգագրագետ, կրթության ոլորտի անկախ փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն ուսումնասիրել է 1-4-րդ դասարանների մայրենի լեզու, այբբենարան, կերպարվեստ, մաթեմատիկա և մի շարք այլ դասագրքեր, որտեղ մատուցված ինֆորմացիան հիմնականում տրվում է պատկերների և լուսանկարների միջոցով։

«Գենդերային դերերը Հայաստանի Հանրապետության տարրական դպրոցի դասագրքերում» հետազոտությունը պարզել է, որ դասագրքերում արական դերերը գրեթե կրկնակի գերազանցում են իգականին, օրինակ, Այբբենարան դասագրքերից մեկում եղել են 109 իգական և 262 արական դերեր։

«Առաջին հայացքից անմեղ թվացող այս փաստերի մեջ ամփոփված են բազմաթիվ վտանգներ. սովորողների մոտ անընդհատ արական պատկերների և դերերի գերակշռումը իգականի հանդեպ ոչ միայն չի կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, այլև ստեղծում կամ վերարտադրում է մասկուլին հասարակական մշակույթ, ինչն իր հերթին դժվարություններ և բարդություններ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում»,֊նշվում է հետազոտությունում:

gender-2

Դասագրքերում արական դերերը հիմնականում ներկայացված են հանրային դաշտում, իսկ իգական դերերը` մասնավոր, ընտանեկան հարթությունում: Տղամարդիկ և տղաները հիմնականում ներկայացված են առաջնորդող, նախաձեռնող դերերում, մինչդեռ աղջիկները ավելի շատ կատարողի, հետևողի, լրացնողի դերերում:

Դասագրքերում ներկայացված բոլոր հերոսները` առասպելաբանական, պատմական, հեքիաթային, քաղաքական, պատվածքների և այլն, արական սեռի ներկայացուցիչներ են:

Ծատուրյանը կարծում է, որ որպես դասագրքերի նյութերի հիմնական փոխանցողների, կարևորվում է նաև ուսուցչի գենդերային իրազեկվածության և զգայունության դերը:

«Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ուսուցիչները ևս հաճախ իրենց անձնական արժեհամակարգով, գենդերային մշակույթով կարող են ստեղծել կամ վերարտադրել կանացի և տղամարդկային պատկերներ, հատկանիշներ, դերեր։ Այս առումով կարևորվում է ուսուցիչների գենդերային կրթության խնդիրը»,֊ասվում է հետազոտությունում:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ը, որի աջակցությամբ էլ պատրաստվել է սույն հոդվածը, «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների վերաբերմունքը գենդերային խնդիրների վերաբերյալ» ուսումնասիրությունն է կատարել, ըստ որի՝ հետազոտության թիրախ բոլոր համայնքներում իգական սեռի դեռահասների շրջանում գենդերային հավասարության վերաբերյալ առկա են արմատավորված կարծրատիպեր, խտրական պատկերացումներ և տեղեկացվածության պակաս այդ հարցի շուրջ:

«Հավասարությունը ինձ համար մի անհասկանալի երևույթ է, որին ձգտում են ժամանակակից կանայք», «…տղամարդիկ աշխատանքից հոգնած կարող են գնալ հանգստանալ, զվարճանալ, բայց կանայք՝ ոչ», «Բնականաբար կինն ու տղամարդը չեն կարող լինեն հավասար: Երեխաներին դաստիարակելը կնոջ դերն է, տուն պահելը տղամարդու, յուրաքանչյուրն ունեն իրենց դերը ընտանիքում»,֊հարցվողների գրեթե հիմնական մասը նման պատասխաններ է տվել հավասարությունից խոսելիս։

Իսկ բռնությունն էլ շատ հաճախ արդարացվել է հարցվողների կողմից։

Ուսումնասիրությունը նաև որոշակի տեղեկություններ է տալիս ավագ դասարաններում հասարակագիտության դասընթացի շրջանակներում նախատեսված կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ քննարկումների մասին:

«Մասնակիցների գերիշխող մեծամասնությունը նշում է, որ ունեցել է նման քննարկումներ հասարակագիտության դասերին: Մտահոգիչ է, սակայն, որ աշակերտներից շատերը խոսելով այդ դասերի ընթացքում քննարկվող կոնկրետ թեմաների մասին, բերում են օրինակներ, որոնք ուղղակիորեն հակասում են առարկայի նպատակներին, որն է կանանց և տղամարդկանց հավասարության մասին կրթելը: Այս տվյալները, կասկածի տակ են դնում այդ քննարկումների արդյունավետությունը»,֊նշվում է հետազոտությունում:

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության Երևանի պետական համալսարանի կենտրոնի տնօրեն, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Շահնազարյանն ասում է, որ կարծրատիպերը սահմանափակում են ինչպես անհատի կյանքն, այնպես էլ բացասական անդրադարձ են ունենում հասարակության վրա։

«Գենդերային հետազոտությունների և առաջնորդության Երևանի պետական համալսարանի կենտրոն»֊ի 2015-ին կատարած «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտությունը ևս փաստում է, որ բազմաթիվ կարծրատիպեր ունի մեր հասարակությունը։ Օրինակ՝ հարցվածների ութսուն տոկոսից ավելին կարծում էր, որ աղջիկը պետք է կրթություն ստանա, մինչդեռ հարցվածներից միայն քառասուն տոկոսն էր պատասխանում, որ աղջիկը պետք է ունենա նաև լավ կարիերա։ Այսինքն, ստացվում է, որ այդ կրթությունը լրիվ անիմաստ է, քանի որ հետագայում աշխատաշուկայում ոչ մի դրսևորում չի ստանալու։ Չի օգտագործվում այդ կրթական պոտենցիալը հասարակության զարգացման համար»,֊ասում է Շահնազարյանը։

Շահնազարյանի կարծիքով կարծրատիպեր կոտրելը շատ բարդ գործընթաց է, դրանով հիմնականում զբաղվում են շահագրգիռ հասարակական կառույցները, մինչդեռ պետությունը, թեև ստանձնել է պարտավորություններ, որոնց կետերից մեկն էլ կարծրատիպերի վերացումն է, գրեթե ոչինչ չի անում։ Ըստ Շահնազարյանի, հատկանշական է նաև այն, որ գենդերային հավասարության մասին արծարծող դասագրքեր գրողներն էլ ունեն իրենց կարծրատիպերը, որոնք էլ արտահայտում են իրենց գրվածքներում, քանի որ չկա վերահսկող մարմին։

«Եթե պետությունը պատշաճ կերպով իրականացներ իր գործառույթներն այնպես, ինչպես ստորագրված կոնվենցիաներն են պարտադրում, կրթական համակարգի, ԶԼՄ-ների միջոցով, իհարկե հնարավոր է վերացնել բոլոր կարծրատիպերը, միայն ցանկություն է հարկավոր»,֊ասում է մասնագետը։

Հայաստանում պետական քաղաքականության մակարդակում ստեղծվել են փաստաթղթեր, որոնք սահմանում ու կարևորում են լրատվամիջոցների դերը գենդերային հավասարության հիմնախնդիրների հաղթահարման հարցում:

Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ պատրաստված «Գենդերային զգայունություն և զգայուն լրագրություն» դասընթացի նյութերի ժողովածուի «Գենդերի բաղադրիչը լրագրության մեջ» հատվածում, հղում անելով տարբեր հետազոտությունների, նշվում է, որ լրատվամիջոցները, արտացոլելով հասարակության մեջ առկա գենդերային հարաբերությունները և գենդերային անհավասարակշռությունը, նախաձեռնողական վարք գրեթե չեն ցուցաբերում կանանց ոչ կարծրատիպային կերպարներ ներկայացնելու ուղղությամբ:

Ավելին, որոշ դեպքերում լրատվամիջոցներում գենդերային անհավասարությունն արտահայտվում է ավելի խորը, քան իրական կյանքում: Դա հաստատում է այն դրույթը, որ լրատվամիջոցներում բացակայում է գենդերային քաղաքականությունը, և նրանք դեռևս չեն կատարում այն դերը, որ վերագրվում է նրանց 2010թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգով, այն է` «լրատվամիջոցներում գենդերային կարծրատիպերի հաղթահարման և կանանց ու տղամարդկանց դրական կերպարների հավասարակշռված ներկայացման խրախուսում:

Ըստ նույն հրապարակման՝ հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշատը հանդիպող գենդերային կարծրատիպերից են․ «գենդերային անհավասարության թեման Հայաստանում արդիական չէ», «գենդերային խնդիրները չեն հետաքրքրում լսարանին», «քաղաքականությամբ զբաղվում է անձնական կյանքում անհաջողակ կինը», «կանանց հիմնական գործառույթը ընտանիքն է, երեխա ծնելը, մեծացնելը», «կանայք պատշաճ գիտելիքներ և մասնագիտական հմտություններ չունեն քաղաքական և տնտեսական ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար» և այլն։

Թյուր ըմբռնումներ

Հայաստանում գենդերային հավասարության մասին խոսակցությունները համարվում են եվրոպական «կեղծ արժեքներ», օրենքներ, որոնք դրսից բերվում են երկիրն ապականելու համար, իսկ ընտանեկան բռնության տարատեսակ դրսևորումները շատերը բացատրում ու արդարացնում են «հայի մտածելակերպով» ու ազգային ավանդույթներով:

«Հավասարություն ասելով ես հասկանում եմ, որ մեր հայկական ընտանիքներում տղամարդը պետք ա խիստ լինի, կինը պետք ա ենթարկվի, տենց են ասում, կինը պետք ա ընդունի տղամարդու կայացրած բոլոր որոշումները»,֊նման կարծիք է հայտնել «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կատարած հարցման մասնակիցներից մեկը։

Մինչդեռ հին շրջանում և միջնադարում հայ կինը բավականին լայն ազատություններ է ունեցել, արժանավոր դիրք է գրավել հասարակությունում, իսկ հայկական շատ օրենքներ դեռևս հարյուրամյակներ առաջ շատ ավելի մարդասիրական, առաջադիմական են եղել, քան նույն շրջանի եվրոպական, անգամ ներկայիս հայկական օրենքները։

Հայաստանում կնոջ կարևոր դերի, կանանց հավասարության ու իրավունքի մասին եվրոպացիներից շատ ավելի առաջ սահմանել էր Մխիթար Գոշն իր դեռևս 12-րդ դարում գրված «Դատաստանագրքում»:

«Դատաստանագիրքը» արգելում է աղջկա հետ բռնի, նրա կամքին հակառակ ամուսնությունը ու եթե Եվրոպայում կնոջը իրավունք տրված չէր ամուսնու կողմից ծեծվելու դեպքում դիմել դատարան, ապա Գոշի «Դատաստանագրքում» այդ մասին նշվում է, հայ կինը բռնության ենթարկվելու դեպքում, կարող էր դիմել դատարան, ամուսնու դեմ բողոք ներկայացներ, նույնիսկ իրավունք ուներ նյութական հայց ներկայացնել:

Գոշը շեշտում է, որ տղամարդը պետք է կնոջ հետ հաշտ ապրի, մարմնական վնասվածքներ չպետք է հասցնի, կնոջ արժանապատվության համար ամուսինը պատասխանատվություն է կրում:

«Դատաստանագրքով» որոշ դեպքերում թույլատրվում էր նույնիսկ ամուսնալուծությունը, որն այդ ժամանակաշրջանում բավականին արտառոց երևույթ էր. եվրոպական շատ երկրներում ամուսնալուծությունը թույլատրվեց միայն 20-րդ դարում:

Բացի այդ, դեռևս այն ժամանակներում կանայք նաև իրավունք ունեին զբաղվել բիզնեսով և այդ բիզնեսի համար հարկ վճարել, մինչդեռ նման իրավունքներ շատ երկրներում գոյություն չունեին:

Սակայն ուշ միջնադարում հայ կնոջ բարձր դիրքի ու ազատությունների նահանջն ու անկումը պայմանավորում է պետականության վախճանով և այլակրոն, այլաբարո տերությունների պարտադրված ազդեցությամբ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից հրապարակված «Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ» զեկույցի համաձայն՝ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից առնվազն 30 կին է սպանվել՝ առանց մայրական խնամքի թողնելով իրենց երեխաներին, իսկ 7 երեխա էլ իր մոր սպանության ականատեսն է եղել, նրանցից երեքը հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել:

Մասնագետները վստահ են, որ եթե հայաստանյան կրթական համակարգում գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերն իրականացվեն գոնե այնքանով, որքանով օրենքն է պահանջում, ապա այս թվերը կնվազեն։

 

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

լուսանկարները՝ Վահե ՆԵՐՍԵՍՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31