Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել. Մրցակցության արդյունքում բենզինն էժանացել է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 13:48

Բենզինի մանրածախ գինը 20 դրամով նվազել է: Այսօր այս մասին ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, որի նախաձեռնությամբ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվել էր քննարկում մասնավորապես օտարերկրյա ներդրողների համար: Գործարարներին հրավիրել էին` լսելու թե ինչ խոչընդոտներ ունեն մեր երկրում բիզնես անելիս:

tmpph
Հարցին, թե այդ ինչպես եղավ, որ բենզինի գինը մեր երկրում միանգամից 20 դրամով նվազեց, այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գինը կտրուկ անկում ապրելիս այդքանով չէժանացավ բենզինը, պարոն Շաբոյանն ասաց, որ դաշտում նոր ներկրող է հայտնվել` «Մաքս գրուպը», ինչի հետեւանքով էլ գինն իջել է. «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ նոր ընկերությունն ավելի էժան գներով է բենզին ձեռք բերել եւ դրա արդյունքում իրականացվում է ավելի ցածր գնով բենզինի վաճառք»:

Արտակ Շաբոյանի խոսքերով, շատ ոլորտներում վերջին ժամանակներում տնտեսվարողների թվաքանակն ավելացել է:

Մանրամասները` տեսանյութում

Գործարարների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն ասաց, որ հենց բիզնես դաշտում առկա թերությունների ու խոչընդոտների պատճառով երկար ժամանակ չի կարողացել Հայաստանից ուղիղ չվերթով մեկնել հայրենիք` Լեհաստան: Մեր երկրից վեց ամիս շարունակ դադարեցված է եղել լեհական ԼՈՏ ավիաընկերության ուղիղ չվերթը հենց պետության աջակցության բացակայության պատճառով, ուստի դեսպանն առաջարկեց պետական աջակցություն ցուցաբերել նաեւ օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններին:

tmpph-1
Նրա խոսքերով, ճիշտ է Հայաստանը միացել է, ներառվել է ԵՏՄ-ին, բայց Եվրոպական չափանիշներ էլ կկիրառվեն Հայաստանում, որովհետեւ դրա անհրաժեշտությունը եւս կա: Պյոտր Սվիտալսկին նաեւ նկատեց, որ սկսնակ ձեռնարկությունների համար դժվար է շուկա մտնելն ու առավելեւս կայանալը: Նա դրական համարեց, որ նոր կառավարության ծրագրում էլ խոսվում է բիզնեսի համար հավասար ու արդար խաղապայմաններ սահմանելու մասին:

Արտակ Շաբոյանը գործարարներից հետաքրքրվեց, թե ինչպիսի խոչընդոտներ կան հայաստանյան բիզնես դաշտում` վստահեցնելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում մրցակցային դաշտի բարելավմանը եւ հավասար պայմաններ են ստեղծելու բոլորի համար:

ՏՄՊՊՀ նախագահը նաեւ ասաց, որ օրենքները բարեփոխելու արդյունքում ոչ մի պետական պաշտոնյա իրավունք չի ունենալու իր լիազորությունները չարաշահել եւ միջամտել բիզնեսի գործերին` ցուցումներ տալ եւ այլն, հակառակ դեպքում ՏՄՊՊՀ-ն անձամբ կզբաղվի տվյալ պաշտոնյայով եւ նրան պատասխանատվության կենթարկի:

Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն ասաց, որ պետք է հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումները եւ, առավելեւս, «նմանատիպ ժողովները հանգեցնեն շոշափելի արդյունքների»:

Հարցին, թե ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում օտարերկրյա ընկերությունների համար, նշեց, որ հիմնական խնդիրներից են մաքսային սահմանի վրա վարչարարության հարցերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31