Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարչապետը մի շատ լավ բան արդեն արել է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 13:32

Այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը՝ կառավարության ծրագրի մասին:

Նա ասաց, որ այս ծրագիրն ունենալու է ՀՅԴ-ի աջակցությունը. «Սա այն է, ինչ տարիներ շարունակ մենք ասել ու պահանջել ենք, բայց ուժներս չի պատել պարտադրել»:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ այս ծրագիրը դեռ պետք է իրականացնել նախընտրական խառը թոհուբոհի շրջանում, երբ շատերն ամբոխավարությունից, քաղաքական աճպարարությունից չեն հրաժարվելու, երբ համատարած անվստահության մթնոլորտ է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ իր ելույթում ասաց, որ Կարեն Կարապետյանը նշանակվել է Սահմանադրության խախտումով: Ըստ նրա, դեռեւս պահպանվում է այն կարգը, որ նախագահը վարչապետ նշանակելուց առաջ պետք է խորհրդակցի խմբակցությունների հետ, մինչդեռ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ի հետ այդ հարցով չի խորհրդակցել:

Նա ասաց, որ չնայած 2013, 2014-ին ՀԱԿ-ը ինքն է մերժել նման խորհրդակցության անցկացումը, բայց դա չի կարող արդարացնել, որ սահմանադրական պարտավորությունները հավուր պատշաճի չկատարեն:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այս վարչապետը մի շատ լավ բան արդեն արել է՝ կառավարությունից հեռացրել է մարզպետի, մարդկանց, որոնց կուտակված հարստությունների, չարաշահումների մասին չի գրել միայն ծույլը:

Նա ասաց, որ սա դրական քայլ է, հույսեր է արթնացնում, որ ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը: Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ մինչ կառավարության ծրագիրը ներկայացնելը՝ Կարեն Կարապետյանը պետք է ախտորոշիչ գնահատականը տար ՀՀ տնտեսության, ինչը չի արել:

Ըստ պարոն Զուրաբյանի, Կարեն Կարապետյանը պետք է գործող տնտեսության արատները ներկայացներ,նաեւ՝ տեսլականը. «Ծրագիրը ընդամենը ներկայացնում է այն գործիքները, որը կառավարությունը կկիրառի»:

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ սա ծրագիր է ընտրողների առաջ որեւէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին, թվեր չկան: Նա համոզմունք հայտնեց, որ սա ընդամենը ընտրություններից առաջ ժողովրդի վստահությունը շահելու համար է արվում եւ Կարեն Կարապետյանը եկել է ՀՀԿ-ի դեմքը փրկելու. «Համարյա չկան դրույթներ, թե կառավարության գործունեության արդյունքում երբ եւ ինչ արդյունքների ենք հասնելու՝ բացառությամբ այնպիսի 1-2 օրինակների, ինչպիսին է 5 տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի եռապատկումը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սա 6 ամսվա ծրագիր է, բայց կառավարության ծրագիրը պետք է լինի երկարատեւ ռազմավարություն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Կամ չէր կարդացել կառավարության ծրագիրը, կամ իրեն սուտ էին պատմել, որովհետեւ կառավարության ծրագիրը երկու փուլից է՝ 6-ամսյա եւ երկարատեւ փուլ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31