Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախությանը նվիրված ներկայացման հանդիսատեսը կտեսնի, թե ինչ է կատարվում «վերեւում»

Հոկտեմբեր 21,2016 13:21

«Ար» թատերախմբի «Ար Աստծո գաղտնիքը» միստիկ, պլաստիկ ներկայացումը, որ նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին, հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 12-ին կկայանա «Երևան» թատերահամերգասրահում: Ներկայացման հիմք են հանդիսացել Պարիս Հերունու «Հնագույն Հայաստանը եւ հայերը» և Անժելա Տերյանի «Արի Պաշտամունք» գործերը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց սցենարի հեղինակ եւ բեմադրիչ Լուսի Մունան, որ որոշակի փորձ ունի մյուզիքլային ժանրի բեմադրությունների, թիմում ներգրավել են 15 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցների: «Շեշտը դրել ենք նրա վրա, որ ով ցանկություն ունի եւ էնտուզիազմով է առաջնորդվում, կարող է մեզ մոտ սովորել: Երեք ամիս այդ մասնակիցները սովորել են մեզ մոտ, հետո բեմ են դուրս եկել: Ներկայացումը պարային է, խոսքը շատ փոքր մաս է կազմում, ինչի շնորհիվ մեզ կարող են դիտել նաեւ այն մարդիկ, որոնք հայոց լեզվին չեն տիրապետում, բեմադրության մեջ վոկալային հատվածներ կան, բայց հիմնականում պատմությունը պատմվում է պարային սիմվոլիկ շարժումների միջոցով»,-տեղեկացրեց բեմադրիչը:

aa

Լուսի Մունան նշեց, որ ներկայացման ժամանակ հանդիսատեսը եւ դերասանները տեղերով փոխվում են՝ ըստ դրամատուրգիայի՝ գործողությունները տեղի են ունենում երկնքում. «Ամֆիթատրոնատիպ դահլիճը թույլ է տալիս, որ հենց այդ հատվածում դերասանները պարեն: Սիմվոլներ են, լուսային մոնտաժ, իսկ կուլիսներ, որպես այդպիսին, չկան, նվազագույնի է հասցված հագուստը, հիմնականում մնջախաղային ոճին բնորոշ հագուստ է: Հանդիսատեսը ներքեւում նստելով՝ կարող է տեսնել, թե ինչ է կատարվում «երկնքում»: Մենք ընդհանրապես դեկոր չունենք: Նախկին բեմադրություններիս մեջ էլ սկզբունքայնորեն դեկոր չեմ օգտագործել, որովհետեւ եթե դերասանը բեմում է, ինքն իր շարժումով ամեն ինչ կարող է ասել, իսկ դեկորը եւ ավելորդ գունագեղությունը շեղում են հանդիսատեսին: Մենք վստահում ենք մեր դերասաններին, նրանք բեմադրությունը շարժումով են լցնում, օրինակ՝ ծառի դեկորի փոխարեն «օգտագործում» ենք դերասանին, որն իր պլաստիկայով քամու տակ շարժվում է: Կամ Ադամի-Եվայի տեսարան ունենք, որը մեր պարողն է ապահովում: Ըստ իս՝ այդպես ավելի գեղեցիկ է ստացվում»

Ներկայացման պարուսույց Համբիկ Այվազյանն էլ հավելեց. «Ներկայացման մեջ կիրառվում է հիփ-հոփ կամ այսպես կոչված՝ «փողոցային» պարային» ոճեր, ասելիքն ավելի շատ շարժումներով ենք հասկացնում հանդիսատեսին»: Պարուսույցը հայտնեց, որ օգտագործել են նաեւ հայկական պարային շարժումներ, պարզապես բեմադրության մեջ մեծ մասը մոդեռն եւ ժամանակակից պարային ոճերի տարրեր են:

Համբիկ Այվազյանը համոզված է, որ ժամանակակից եւ մոդեռն պարաոճերի համադրությամբ հնարավոր է ցանկացած դասական գործ բեմադրել: Նա ասում է, որ նպատակ ունեն ներկայացումը «դուրս» տանել, դրա համար անգլերեն խոսք են ներմուծելու, որպեսզի ընկալելի լինեն միջազգային հանդիսատեսին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարներում՝ Լուսի Մունան, Համբիկ Այվազյանը եւ մասնակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31