Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանին չի անհանգստացնում, որ պետական պարտքը 50 տոկոսի սահմանը հատել է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 13:13

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը`«վերեւից ներքեւ գնում է այդ խնդիրների հետ կապված»: Խոսքը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի`վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները եւ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով, առաջարկների մասին է:

Վարդան Այվազյանը ողջունում է, որ ՀՀ առաջին նախագահը ՀՀ բոլոր քաղաքացիների նման մտահոգ է այդ խնդիրներով. «Իսկ կառավարության գործունեության ծրագիրը նպատակաուղղված է թե մեկի, թե մյուսի վերացմանը, ինչպես նաեւ մեխանիզմների ներդրման առումով»:

Նա պնդում է, որ կառավարության ծրագրում կոնկրետ միջոցառումներով եւ գործիքակազմով ամեն ինչ ամրագրված է, ինքն էլ հուսով է, որ կառավարությունը ձեռնամուխ կլինի այդ խնդիրների լուծմանը, թեեւ, իր համոզմամբ, չի էլ եղել մի կառավարություն, որը դրանցով չզբաղվեր: Պարզապես, մեկի մետ մի քիչ շատ է ստացվել, մյուսի մոտ մի քիչ քիչ:

Aravot.am-ի դիտարկմանը`դատելով նրանից, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանում, իր առաջին ելույթում հայտարարեց`տնտեսությունը շատ վատ վիճակում է, նախորդ կառավարությունների մոտ ընդհանրապես չի ստացվել, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Կառավարության ղեկավարը գնահատման մեխանիզմների իր չափորոշիչներն ունի: Համենայնդեպս, ամեն տարի պետբյուջեի կատարողականում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ երբ վարչարարության գործիքը բարձրացնում ենք, դա ստվերի կրճատում է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Մի քանի օր առաջ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր դեֆոլտից: Վարդան Այվազյանն ասում է, որ դեֆոլտի համար որեւէ անհրաժեշտ պայման ինքը չի տեսնում: Խնդիրներ կան, ամեն տեղ էլ լինում են, բայց. «Անվճարունակության որեւէ խնդիր չկա»:

Այն, որ պետական պարտքը 50 տոկոսի սահմանը հատել է, նա հոգս չի համարում. «Երկիր կա՝ 80 տոկոս է: Բայց մենք պետական պարտքի կատարումների հետ որեւէ ուշացում չենք ունեցել: Ներքին պարտավորվածությունների`թե կարճաժամկետ պարտատոմսերի, թե աշխատավարձերի հետ կապված որեւէ մեկ խնդիր չկա: Այդ թվում հաշվեկշիռների բալանսը որ նայում ես, որեւէ… խնդիր ամեն տեղ էլ լինում է, բայց»:

Վարդան Այվազյանն ընդհանրապես ասում է, որ եթե որեւէ մեկը, առավել եւս՝ երկրի առաջին նախագահը հայտարարում է դեֆոլտ եւ դրսից որեւէ մեկը կարդում է`«բա ասում ես, բա որ ներդրողը հանկարծ կարդա`փախնի գնա»:

Հարցին`ի՞նչ նպատակով արեց Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրեն հարցրեք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31