ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների ապահովման հարցերը կարգավորելու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ մատնանշելով հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ ի հայտ եկած խնդիրները: Այս մասին այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց Արման Թաթոյանը:
«Դիմումի մեջ կարմիր թելի պես անցնում է պահանջը, որ վարչական իրավախախտման համար բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձինք պետք է օգտվեն երաշխիքներից: Անձը պետք է համարվի ազատությունից զրկված, ուստի պետք է լիարժեք ապահովվի փաստաբանի, բժշկի իրավունքը, ազատազրկվելու պատճառների մասին տեղեկանալը: Դա պետք է հաշվի առնել հենց փողոցից, երբ մարդուն տանում են Ոստիկանության բաժին: Երբ Ոստիկանության մեքենայով քաղաքացուն տեղափոխում են բաժին, նա արդեն իսկ համարվում է ազատությունից զրկված»,-հստակեցրեց Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Սահմանադրական դատարանում տեղի կունենա համապատասխան նիստը, որտեղ նա անձամբ պաշտպանելու է իր դիմումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ