Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը խոստացել էր արբանյակ թռցնել, Սերժ Սարգսյանը՝ մեր ամեն բացվող օրը ավելի լավը դարձնել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 12:24

«Պարոն վարչապետ, ձեր ստարտը հուսադրող էր՝ հատկապես ամենակոռումպացված դեմքերից ազատվելու համար»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ եթե բարձրացված նշաձողը չպահպանվի՝ դժվար կլինի. «Հուսահատությունը շատ ավելի վատ է, երբ այն բերում է ձախորդությունների: Ձախողման ռեալ վտանգ կա, որովհետեւ այն բազան, որից սկսել եք, շատ խախուտ է, անհուսալի: Դուք անալիզ չեք արել,, չեք ներկայացրել այն բազան, որի մեջ գտնվում է Հայաստանն այսօր: Դրանք են՝ կապիտալի ապօրինի արտահոսք տարեկան 1.5 մլրդ դոլար, մարդկային կապիտալի արտահոսք, մակրոտնտեսական շատ վատ ցուցանիշներ՝ արտաքին պարտքի մեծացում, ներդրումների պակասը՝ 7 անգամ՝ 4 տարվա ընթացքում: Սա կոլապս է, սա ձախողում է: Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ»:

Արամ Մանուկյանը մեջբերումներ արեց Սերժ Սարգսյանի՝ 2013-ի նախընտրական ծրագրից, որ կոռուպցիան պետք է արմատապես վերացվի, որ Հայաստանը վերածվելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն միջավայրի, արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի, շոշափելի: Նա խոստացել էր, որ երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկվելու է աշխարհի առաջատար երկրների շարքում: Խոստացել էր արդար դատական համակարգի ստեղծում. «Ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի խաղողագործության զարգացումը: Անցյալ տարի տեսանք ինչ բերեցին խաղողագործների գլխին»:

Արամ Մանուկյանը նաեւ հիշեցրեց հակակարկտային կայանների խոստումը, Երեւանը բեռնաթափելու, Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, որը 15 տարի է՝ չի ավարտվել. «Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա ապահովել իր ընտանիքը, վերացնելու ենք աղքատությունը ծնող պատճառները, վերացրե՞լ եք»:

Սերժ Սարգսյանն իր ծրագրում ասել էր՝ «Բացվող ամեն օրը Հայաստանում պետք է տարբերվի նախորդից, այն պետք է լինի ավելի լավը»:

Արամ Մանուկյանը նաեւ մեջբերումներ կարդաց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրից. «Նոր ջրամբարների՝ Կապսի, Եղվարդի, Մաստարայի, շինարարական աշխատանքների մեկնարկում, եղե՞լ է՝ չի եղել, ներգաղթի խրախուսում՝ չի եղել: Սեփական արբանյակի թողարկման ծրագիր կիրականացվի: Էս արբանյակն էլ թռցրիք, եղե՞լ է: Սա էլ ձեր Հովիկ Աբրահամյանը»:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին՝ Արամ Մանուկյանը հակասություններն ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը խոստանում է աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում, 2017-ին Գյումրու ծրագրի ավարտ, բայց բյուջեում նշված է, որ բնակարանների ապահովման գծով Գյումրիում 2017-ի համար միջոցներ չեն նախատեսվել:

Արամ Մանուկյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի ծրագրից կոմունիզմի հոտ է առնում՝ հարկային-մաքսային աշխատողի կերպարի վերափոխումը ո՞րն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31