Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունվող հակասահմանադրական դրույթներով օրինագծերին՝ ասաց. «Դա նշանակում է՝ բոլոր այն օղակները, որոնք թույլ են տվել, որ հարցը հասնի Սահմանադրական դատարան, որոշակի առումով թերացել են: Դա գալիս է օրենսդրության թերություններից»:
Գագիկ Հարությունյանը չցանկացավ խոսել ընդդիմադիրների բարձրացրած խնդրի մասին, թե ինչպես են բաշխվել մանդատները Գյումրու ՏԻՄ ընտրություններում: Նա չբացառեց, որ հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանում, եւ նախապես կարծիք հայտնելուց զերծ մնաց:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս խոստացավ հարցն ուսումնասիրել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպիսի գնահատական կտա ԵԽԽՎ նախագահի՝ հայ պատվիրակների հանդեպ վերաբերմունքին, Գագիկ Հարությունյանն ասաց. «Պատգամավորի խոսափողն անջատելուն կարելի է հակադարձել: Եթե հարցը հասնում է դրան, վարչական միջամտություն է, որն այնքան էլ սազական չէ Եվրոպայի նման ինստիտուտին»:
Գագիկ Հարությունյանը չմեկնաբանեց՝ արդյոք կողմնակալ չէ ԵԽԽՎ նախագահը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ